«Այսօրվա մեր կարգավիճակը՝ շրջափակման մեջ գտնվելը, ունի իր դրական կողմերը, այն է՝ մենք հասկանում և գնահատում ենք աշխարհը, որ հույսներս մեզ վրա պիտի դնենք»,- «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հրավիրած հանդիպմանը հայտարարել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը:
«Ապրելով Արցախում, երբևիցե չեմ պատկերացրել, որ կարող եմ հանուն Արցախի ընդգրկված լինել մի շարժման, գործընթացի մեջ, որը քաղաքական և հասարակական ենթատեքստեր է պարունակելու: Ունեցել եմ նեղ մասնագիտություն, և պետական ինստիտուտներում ծառայելով, աշխատելով, ես ինձ այդ ասպարեզում չեմ տեսել։ Բայց մեր այս գործընթացը պարտադրված գործընթաց է՝ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից վարվող հակաարցախյան քաղաքականության, ինչո՞ւ չէ՝ նաև Արցախում տեղի ունեցող աննշան և փոքր խմորումների արդյունքում»։