Ամենավատ տարբերակի տեսլականն էլ ունենք, որ այս ճանապարհի հարցը լուծենք. գեներալ
«Այսօրվա մեր կարգավիճակը՝ շրջափակման մեջ գտնվելը, ունի իր դրական կողմերը, այն է՝ մենք հասկանում և գնահատում ենք աշխարհը, որ հույսներս մեզ վրա պիտի դնենք»,- «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հրավիրած հանդիպմանը հայտարարել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը:
«Այո, մենք՝ այստեղ ապրողներս, պիտի հույսներս մեզ վրա դնենք։ Ասում են՝ 120 հազար արցախցիներ գտնվում են շրջափակման մեջ։ Նախ՝ ես այդ թվի հետ համաձայն չեմ, քանի որ օրական բազմաթիվ երեխաներ են ծնվում, ու իրականում թիվը շատ ավելի մեծ է: Ամեն մի արցախցի պիտի իրեն համարի զինվոր։ Ինչքան շրջանակը նեղանում է, այդքան մտածելու հնարավորություն ենք ունենում՝ խնդիրն իրականում ինչ ճանապարհով պիտի լուծվի։ Այդ ճանապարհները բազմազան են։ Մենք քննարկել ենք, ունենք մեր տեսլականը, ամենավատ, վատթարագույն տարբերակի տեսլականն էլ ունենք, թե ոնց կարելի է այս ճանապարհի հարցը լուծել: Բայց մենք թողնում ենք դեռևս պահը հասունանա։ Ուզում ենք տեսնել՝ Հայաստանի Հանրապետության ու միջազգային հանրության մաքսիմումը մինչև որտե՞ղ է: Եթե հասկանանք, որ մաքսիմումը սա է, մենք արդեն կանցնենք մեր սեփական տեսակետին, գործին»,- հավելել է գեներալը: