«Եթե որոշենք մասնակցել ընտրություններին, մեծ ակնկալիքներ ունենք, ՀՀԿ-ն կայացած կուսակցություն է». Նարեկ Միրզոյան

Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հայտարարած ու իրականացրած փրայմըրիզից հետո, նախնական հաշվարկներով՝ համայնքապետի արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։

Այս պահին որոշ քաղաքական ուժեր հայտարարել են, որ մասնակցելու են Գյումրու արտահերթ ընտություններին, շատերն էլ դեռևս որոշում չունեն։

Գյումրու արդեն լուծարված ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Գյումրու համայնքապետի արտահերթ ընտրություններին մասնակցելու պաշտոնական որոշում դեռևս չունի։

«ՀՀԿ Գործադիր մարմինը Գյումրու ընտրություններին մասնակցելու հարցը դեռևս չի քննարկել։ Այս պահին մասնակցել կամ չմասնակցելու վերաբերյալ որոշում չունենք։

Կարդացեք նաև

Եթե որոշենք, որ այդ ընտրություններին մասնակցելու ենք, ապա մեծ ակնկալիքներ ունենք, այն առումով, որ ՀՀԿ-ն կայացած կուսակցություն է, ունի իր ընտրազանգվածն ու թիմը։ Մեր կուսակցությունը 3 տարի ավագանու կազմում ակտիվ աշխատանքներ է իրականացրել։ Աշխատել ենք հազարավոր քաղաքացիների հետ, հազարավոր խնդիրների լուծումներ ենք տվել, բնականաբար, մեր այս 3 տարիների աշխատանքն իր արդյունքը կտա»,- 168.am հետ զրույցում նշեց Նարեկ Միրզոյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Գյումրիում արտահերթ ընտրություններին իշխանությունը, բնականաբար, գործի է դնելու վարչական լծակը, ինչպես գործի է դրել բոլոր ընտրություններին։

«Վստահաբար, իրենք կկիրառեն վարչական ռեսուրսը, փորձելով իրենց մարդուն այստեղ դարձնել համայնքապետ։ Մենք առհասարակ չենք կասկածում, որ վարչական ռեսուրսը գործի է դնելու ՔՊ-ն։

Բայց պետք է ասեմ, որ Գյումրիում ՔՊ-ն մեծ վարկանիշ չունի, և շատ բարդ է իրենց համար լինելու ցանկալի ձայներ ապահովելու համար»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև հավելեց, որ այս պահին գյումրեցիները նախընտրած թեկնածու կամ կուսակցություն չունեն, քանի որ դեռևս հստակեցված չէ, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու արտահերթ ընտրություններին և ինչ թեկնածուներով։ Երբ այդ ամենը պարզ դառնա, պարզ կդառնա նաև, թե ով է գյումրեցիների «ֆավորիտ» թեկնածուն կամ քաղաքական ուժը։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած փրայմըրիզի արդյունքում հաղթել է Սարիկ Մինասյանը, ով Նիկոլ Փաշինյանի կողմից  նշանակվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և համայնքապետի ընտրություններում կգլխավորի ՔՊ ցուցակը։

Նշենք նաև, որ այս գործընթացներին հաջորդեց նաև Շիրակի մարզպետին՝ Մուշեղ Մուրադյանին պաշտոնից հեռացնելը, նրա փոխարեն մարզպետ նշանակվեց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Տեսանյութեր

Լրահոս