ՔՊ-ի ցածր վականիշն է պատճառը, որ Գյումրիում չգնացին արտահերթ ընտրությունների. պարտվելու են, ինչպես պարտվեցին 2021 թվականին. Նարեկ Միրզոյան

Արդեն հայտնի է, թե իշխանական ՔՊ-ից ովքեր կմասնակցեն դեկտեմբերի 9-10-ը Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարի համար անցկացվելիք փրայմըրիզին։

ՔՊ թեկնածուները 7-ն են՝ Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը։

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի բնորոշմամբ՝ ՔՊ-ի գործելաոճն է՝ անօրինական ճանապարհներով բոլոր տեղերում իր ձեռքը վերցնել իշխանությունը։

«Ակնհայտորեն մեր համաքաղաքացիների համար պարզ է ստեղծված իրավիճակը, այսինքն՝ այն համայնքներում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» չուներ ՔՊ-ական համայնքապետ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ու տարբեր մեթոդներով, նաև քրեական գործեր հարուցել՝ ստանալ իշխանություն։ Գյումրիում ևս հարուցվեցին քրեական գործեր։

Կարդացեք նաև

«Բալասանյան» դաշինքի մեղավորությունը ևս տեսնում եմ, քանի որ հանրությանը պարզաբանում չներկայացրեցին, հրաժարվեցին մանդատներից, ու ՔՊ-ն հերթական իշխանազավթման փորձն է իրականացնում։ Մենք ունենք Վանաձորի օրինակը, երբ ընտրված համայնքապետը կալանավորվեց, Ալավերդիի, Ախուրյանի, Անի համայնքի օրինակները ևս, հիմա Գյումրիում է։ ՔՊ-ն որտեղ չունի իր համայնքապետը, փորձում է ընտրություններից առաջ լծակներ ձեռք բերել, որի արդյունքում ապահովելու են իրենց համար ձայներ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարեկ Միրզոյանը։

Նա ընդգծեց՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք նման բան չէր կարող տեղի ունենալ, երբևէ նման բան տեղի չի ունեցել։

Նախկինում նաև «իրավապաշտպանների» խմբեր կային, որոնք իշխանությունների ցանկացած տեղաշարժի շուրջ մեծ աղմուկ էին բարձրացնում, նույն այդ խմբերն այսօր լուռ են։

«2021 թվականի ընտրություններում, երբ Գյումրիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր մարզպետը՝ ունենալով բավականին մեծ վարչական ռեսուրս, Գյումրիում պարտվեց։ Գյումրեցին շատ լավ գիտի, որ ՔՊ-ն իրենց հոգսերից չի ազատելու։ Մեծ հաշվով ՔՊ-ի օրոք ի նպաստ Գյումրիի որևէ բան տեղի չի ունեցել, թեպետ ՔՊ-ն ցույց է տվել, թե գործ է անում։ Չմոռանանք նաև, որ ՔՊ-ն Գյումրիում արհեստական ձևով ստեղծեց կոալիցիա, հուշագիր ստորագրեց։ Գյումրիում առաջինը ՔՊ-ն է հրաժարվել ստանձնել պատասխանատվություն։

Վստահ եմ՝ գյումրեցին իր խոսքը կասի, քանի որ համոզված է, որ ՔՊ-ն, բացի ֆեյսբուքյան գրառումներից ու քարոզարշավից, լուրջ գործով չի զբաղվելու։ ՔՊ-ի ցածր վականիշն է պատճառը, որ Գյումրիում ոչ թե արտահերթ ընտրությունների գնացին, այլ ստեղծեցին իրավիճակ, որ ունենան ժամանակավոր պաշտոնակատար, հետագայում օգտագործելով վարչական ռեսուրսը՝ ապահովեն իրենց համար ձայներ։ Կարծում եմ՝ իրենք Գյումրիում պարտվելու են այնպես, ինչպես պարտվեցին 2021 թվականին»,- շեշտեց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ Գյումրիում կան կառավարման խնդիրներ, օրինակ, քաղաքացիների դիմումների հետ կապված, քանի որ աննախադեպ իրավիճակ է, երբ ոչ համայնքապետ կա, ոչ էլ համայնքապետի տեղակալ։

«Այս ամենի ֆոնին պետք է հետ գնանք և հասկանանք, թե ո՞վ կամ ի՞նչն է այս ամենի պատճառը, ի՞նչն է քաղաքը հասցրել այս վիճակին, առաջնային պատասխանատվությունը երկրում իշխող ուժինն է՝ ՔՊ-ինը»,- եզրափակեց Նարեկ Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս