Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակությանը՝ Հայաստանի և Լիտվայի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։
Կեստուտիս Բուդրիսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով X-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը, որով վերջինս շնորհավորել էր Բուդրիսին՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։
«Հարգելի բարեկամ Կեստուսիս Բուդրիս, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ես մեծապես արժևորում եմ մեր մտերիմ կապերը և անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու, Հայաստանի եվրոպական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ»,- գրել էր Արարատ Միրզոյանը։
Արձագանքելով Արարատ Միրզոյանի գրառմանը՝ Լիտվայի ԱԳ նախարարը գրել է.
«Հարգելի Արարատ Միրզոյան, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար։ Ես խորապես գնահատում եմ մեր բարեկամությունը և անհամբեր սպասում եմ մեր համատեղ ջանքերը շարունակելուն՝ Լիտվա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու և Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ»,- գրել է Բուդրիսը։
Հունիսի 23-ին Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հրաժարական էր ներկայացրել կառավարող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Կոալիցիայի վերակազմավորման հարցը ծագել է այն բանից հետո, երբ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հունիսի սկզբին որոշել է դադարեցնել համագործակցությունը «Նեմանի արշալույս» կուսակցության հետ՝ մեղադրելով նրան պոպուլիստական քաղաքականության համար։ Կոալիցիայի գծով նոր գործընկեր է դարձել «Դեմոկրատները հանուն Լիտվայի» կուսակցությունը: Այս փոփոխությունների շրջանակում որոշվել է «վերագործարկել կառավարությունը»:
Հունիսի 25-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան երկրի խորհրդարանին առաջարկել էր երկրի վարչապետի պաշտոնում հաստատել Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԼՍԴԿ) առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչուսի թեկնածությունը։ Հունիսի 30-ին Լիտվայի խորհրդարանը հավանություն էր տվել առաջարկին։
Մինդաուգաս Սինկևիչուսը ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակել էր Կեստուտիս Բուդրիսին։

