2018-ից հետո ինտերնետով խաղադրույքներն աճել են 2037 տոկոսով. կազինոները բերել, մտցրել են ամեն մեկի գրպանը. Արթուր Միքայելյան

«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միքայելյանն ահազանգում է՝ 2018 թվականից հետո Հայաստանում ներդրվել է ազգի ինքնոչնչացման երկու արատավոր երևույթ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բացակայություն և ինտերնետ շահումով խաղեր. եթե պետությունն այս երկու կարևորագույն ոլորտներում վերահսկողություն ունենալու համար ոչինչ չի անում, ապա կարելի է դրանից անել հետևություն, որ կա՛մ չեն ուզում, որովհետև ունեն բիզնես շահեր, կա՛մ չեն կարողանում։

Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսեց Միքայելյանը՝ խաղամոլության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող օրենսդրական լուծումները և առաջարկվող նոր լուծումները (ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերություններին հարկել 10 տոկոս շրջանառության հարկով) համարելով ընդամենը պայքարի իմիտացիա։

«Օրինակ, չեմ կարծում, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը կունենա հաջողություն։ Սա հերթական պայքարի իմիտացիան է, որովհետև, եթե պետությունն իսկապես ցանկանում է պայքարել խաղամոլության դեմ, ապա պետք է կտրի դրա հիմքը, իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս ասուլիսի ժամանակ ասաց, որ նման գործունեություն ծավալող ընկերությունները չեն կարող փակել։ Ես չեմ կարծում, որ հիմա ՔՊ-ական պատգամավորի ներկայացրած նախագիծը, որն առաջարկում է ոլորտում գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի 10 տոկոս սահմանել, կարող է աշխատել»,- ասաց Միքայելյանը՝ հարց հնչեցնելով՝ արդյո՞ք Կառավարությունն իսկապես ուզում է պայքարել խաղամոլության դեմ։

Կարդացեք նաև

«Ուզում են պայքարել, ուրեմն պետք է արգելեն ինտերնետ հավելվածների միջոցով խաղամոլությունը, հակառակ պարագայում, օնլայն կազինոներն այս կառավարությունը բերեց և մտցրեց ամեն մի քաղաքացու գրպանը. մարդը 24/7 ռեժիմով ունի հասանելիություն»,- ասաց Արթուր Միքայելանը։

Ինչ վերաբերում է 2018 թվականից ի վեր Հայաստանում արված խաղադրույքների ծավալներին, ապա, ըստ Միքայելյանի, ՊԵԿ տվյալների համարձայն, 2024 թվականին փաստացի խաղերի մասնակիցներին վճարվել է մոտ 7 տրիլիոն դրամ՝ որպես շահում, ինչի դիմաց խաղացողները կատարել են 7,13 տրիլիոն դրամ խաղադրույք։

«Մինչև 2018 թվականը ինտերնետ շահումով խաղերի ոլոտում կար մոտ 8-10 ընկերություն, 2018 թվականից հետո մնացել է 4 ընկերություն, որից դոմինանտ է 3-ը։ Այս ընկերությունների մասով 2018 թվականից մինչև այսօր ունենք 2037 տոկոսով ինտերնետ շահումով խաղերի խաղադրույքների աճ։ Այս ամեն ինչը սկսվել է 2018 թվականից»,- ասաց Միքայելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս