168.am-ի հետ զրույցում Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանն ասաց, որ կրակոցներից անմիջապես հետո իրենք վերսկսել են աշխատանքները, հակառակ պարագայում, եթե ամեն կրակոցից հետո չաշխատեն, գյուղատնտեսական աշխատանքներ ընդհանրապես չեն կարողանա անել։
«Կրակոցների թիրախում է եղել նաև տրակտորը, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել։ Մարդիկ նույն տրամադրությամբ շարունակում են իրենց այգիներում աշխատել։ Թշնամու նպատակն այն է, որ խանգարի մարդկանց աշխատանքին։ Այդ կրակոցների պահին մարդիկ դադարեցրել են աշխատանքը, հետո նորից վերսկսել»,- նշեց Լեռնիկ Ավանեսյանը։
«Այս պահին դեռ յոլա ենք տանում, իրավիճակը կարողանում ենք հաղթահարել։ Դե, այստեղ գյուղ է, գյուղում շրջափակման պայմաններում մի քիչ ավելի հեշտ է, քան քաղաքում։ Նկատի ունեմ, որ մարդիկ իրենց հավաքած բերք ու բարիքով ինչ-որ չափով կարողանում են օրվա հացի խնդիրը լուծել։ Խանութներում էլ մեկ-մեկ անհրաժեշտ ապրանքը բերում են, գնում ենք»,- շեշտեց Լեռնիկ Ավանեսյանը։
Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։