Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ Հայաստանի իշխանությունն անում է ամեն բան, որ Արցախը հանձնի Ադրբեջանին. թե Ազգային ժողովում, թե Ազգային ժողովից դուրս այս իշխանության թիվ մեկ օրակարգն ադրբեջանական թեզերը տարածելն է. շատ հաճախ Ադրբեջանից շատ ավելի մեծ եռանդով են դա անում։
Վերին Լարսում հայկական բեռնատարների ոդիսականը շարունակվում է. վարորդներն ու ֆերմերներն ահազանգում են՝ դեպի ՌԴ բեռնատարների մուտքի արգելքը քաղաքական ենթատեքստ ունի, պաշտոնական շրջանակներից պնդում են՝ հարցը տեխնիկական է:
168.am-ը ևս փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն պարզվեց՝ նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն աշխատանքային օրվա ավարտին մոտ դեռևս չուներ հստակեցումներ համապատասխան ստորաբաժանումներից:
«Բեռնատարի այն վարորդները, որոնց հետ ես մշտական կապի մեջ եմ, մեկ ամսից ավելի է՝ Վրաստանում են: Բեռնատարները 20 օրից ավելի Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա էին, իսկ հիմա, որ էկոնոմիկայի նախարարը նշում է, թե դրական տեղաշարժ կա, այդ տեղաշարժը կապում է Թբիլիսին շրջանցելու հետ: Այսինքն՝ 1 ամսվա ընթացքում բեռնատարներին հաջողվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շրջանցել, և նա նշում է, որ դա մեծ առաջընթաց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: