Վերին Լարսում կանգնած հազարավոր բեռնատարների խնդիրը քաղաքակա՞ն է, թե՞ տեխնիկական. ոդիսականը շարունակվում է
Վերին Լարսում հայկական բեռնատարների ոդիսականը շարունակվում է. վարորդներն ու ֆերմերներն ահազանգում են՝ դեպի ՌԴ բեռնատարների մուտքի արգելքը քաղաքական ենթատեքստ ունի, պաշտոնական շրջանակներից պնդում են՝ հարցը տեխնիկական է:
Հիշեցնենք, որ երեկ 168.am-ը անդրադարձել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ահազանգին, որով նա մասնավորապես հայտնել էր. «Բեռնատարների վարորդները, ֆերմերներն ահազանգում են, որ օրերով չեն կարողանում արտահանել գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնություն:
Վրաստանում տեղեկացնում են, որ հայկական բեռնատարների մուտքն արգելելու որոշում կայացրել է ռուսական կողմը։ Հայկական բեռնատարներն արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում՝ սպասելով որևէ պարզաբանման։
Այս ամենի արդյունքում, լրջագույն վնասներ կարող են կրել ջերմոցային տնտեսությունները։ Իսկ առաջիկա ամիսներին, երբ մեկնարկի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, կարող է ամբողջովին վտանգվել գյուղատնտեսության այս ճյուղը»։
168.am-ը երեկ փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն պարզվեց՝ նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն աշխատանքային օրվա ավարտին մոտ դեռևս չուներ հստակեցումներ համապատասխան ստորաբաժանումներից:
Իսկ այսօր արդեն նախարարությունից հայտնեցին, որ այս խնդիրն իրենց տիրույթում չէ:
Կապ հաստատեցինք ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ: Նա հաստատեց խնդրի առկայությունը, սակայն վստահեցրեց.
«Խնդիրը տեխնիկական է, և ոչ քաղաքական: Ինչպես նախապես հայտարարվել էր, մարտի 13-ից մայիսի 23-ը Վերին Լարսի անցակետում վերազինման աշխատանքներ են տարվում, ինչի արդյունքում բեռնատարների համար նախատեսված 11 ուղիներից գործում են միայն 6-ը: Սրա արդյունքում՝ դեպի ՌԴ թողունակությունը 450-ից իջել էր 250-350 բեռնատար օրական: Մոտ մեկ շաբաթ առաջ Վերին Լարսի անցակետում գործող 4 ռենտգեն սարքերից 2-ը շարքից դուրս են եկել, և արդյունքում մնացել է 2 գործող սարքավորում: Հայտնի է նաև, որ անցած տարվա աշնանից սկսված բոլոր բեռները պարտադիր անցնում են ռենտգեն զննում: Արդյունքում՝ այս պահին դեպի ՌԴ թողունակությունը իջել է 200-250 բեռնատար օրական: Այս պահին խափանված 2 սարքերը վերանորոգվում են, և ամեն պահի սպասում ենք դրանց վերագործարկմանը: Չնայած այս ամենին՝ միջին օրական ցուցանիշներով 80-120 հայկական բեռնատար մուտք է գործում ՌԴ:
Ապրիլի 26-ին Վերին Լարսում սահմանը հատել է ավելի քան 120 հայկական բեռնատար: Դրանցով մոտ միայն 630տ միրգ-բանջարեղեն է ներմուծվել: Այս պահին ՀՀ-ից դեպի ՌԴ ճանապարհին գտնվում է մոտ 1000 հայկական բեռնատար, և մյուս 2 սարքերի վերագործարկելուց հետո նախատեսվում է, որ այդ հերթերը կսկսեն կրճատվել»:
«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը, սակայն, ասաց, «Սա նոր բան չէ: Կապում են, մեծ հաշվով, քաղաքական ենթատեքստի հետ:
Վերին Լարսի խնդիրը նոր չէ, և այդ ռիսկը բավականին կանխատեսելի էր: Մեր երկիրն այժմ գնում է ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման ուղով (չասենք՝ արդարացված, կամ՝ ոչ. ես գնահատական չեմ տալիս):
Այսօր Վերին Լարսում ստուգում են անխտիր բոլոր հայկական բեռնատարները և այն բեռնատարները, որոնցում առկա են հայկական ծագման բեռներ: Մեկ բեռնատարի Լարսով անցնելը 10 օր և ավելի է տևում»:
Էմիլ Ստեփանյանն արդարացված չի համարում խախտումների, կամ ապրանքի որակի թերացումների տրամաբանությամբ նման խստացումը՝ նկատելով, որ խախտումներ բոլոր երկրների սահմաններում են լինում են և բոլոր պետությունները ներկայացնող բեռնափոխադրողների կողմից, այդ թվում՝ վրացի:
«Սա մեր քաղաքական ուղու ընտրության հարյուրավոր հետևանքներից մեկն է, ու նորից գնահատական չտալով՝ կոչ եմ անում մեր պետությանը՝ տեր կանգնել տուժող ճյուղերին: Այսօր դա արտահանողն է, վաղը լինելու է ընդհանուր գյուղոլորտը, որովհետև լուրեր կան, որ ՀՀ-ից գյուղմթերքն ընդհանրապես արգելվելու է:
Եթե գնում են այդ ճանապարհով, ուրեմն պետությունը պետք է տեր կանգնի»,- նկատեց նա:
Ահազանգ հնչեցրած պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեռ որևէ պաշտոնական պարզաբանում չի ստացել:
168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ պատգամավորը նկատեց, որ մինչ ՀՀ դեսպանատան կցորդը նշում է, որ խնդիրը տեխնիկական է, այդուհանդերձ, տեսանյութեր կան, որոնք փաստում են՝ այդ տեխնիկական խնդիրները չեն խոչընդոտում վրացական մեքենաներին: Ի դեպ, պատգամավորը վարորդների կողմից հրապարակված տեսանյութերից մեկը տրամադրեց նաև մեզ:
«Ինչպե՞ս է, որ վրացական բեռնատարներն անցնում են, խնդիրներ չեն առաջանում, իսկ մեր բեռնատարները շաբաթներով կանգնած են: Ի դեպ, մարդիկ չեն կարողանում պատկան մարմինների հետ կապ հաստատել:
Այդ մարդկանց գյուղմթերքը հազարավոր տոննաներով փչանում է, ջերմոցային տնտեսությունները սնանկացման եզրին են. պարզաբանում են, թե խնդիրներ կան, այժմ մի մասն անցնում են, բայց որ մի քանի տասնյակ ֆուրերն անցնում են, դա հարցի լուծո՞ւմ է: Այնտեղ, ըստ պաշտոնական տեղեկությունների, 1000 բեռնատար է կանգնած, իմ տեղեկություններով՝ 2000»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այս ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։ Վրաստանը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։