Երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են չորս անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։
Շուրջ 10 օր առաջ 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի երկարամյա ղեկավար Արծրունի Իգիթյանի հրաժարականի պահանջներին ու դրանում ՔՊ-ականների ներգրավվածությանը: Ախուրյանում, սակայն, մինչ օրս էլ չեն դադարում արդեն նախկին համայնքապետի հրաժարականի պատճառների վերաբերյալ վարկածների քննարկումը՝ սկսած ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի ներգրավվածությունից այս պատմության մեջ՝ որպես Արտակ Ադամյանի ընկեր, վերջացրած Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Կամո Ներսիսյանով, ով իր հետաքրքրությունն ունի Ախուրյան համայնքում: