Ախուրյանի շռնդալից ՔՊ-ականացումը, «ասֆալտ» օպերացիան և Արտակ Ադամյանի ընկերական շրջապատը

Շուրջ 10 օր առաջ 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի երկարամյա ղեկավար Արծրունի Իգիթյանի հրաժարականի պահանջներին ու դրանում ՔՊ-ականների ներգրավվածությանը: Ախուրյանում, սակայն, մինչ օրս էլ չեն դադարում արդեն նախկին համայնքապետի հրաժարականի պատճառների վերաբերյալ վարկածների քննարկումը՝ սկսած ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի ներգրավվածությունից այս պատմության մեջ՝ որպես Արտակ Ադամյանի ընկեր, վերջացրած Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Կամո Ներսիսյանով, ով իր հետաքրքրությունն ունի Ախուրյան համայնքում:

Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Դավիթ Լոքյանն ու Արտակ Ադամյանը, բացի ընտանեկան մտերմությունից, նաև բիզնես շահեր ունեն, մասնավորապես, ՀԷԿ-երի ոլորտում: Թե որտեղ են խաչվել Դավիթ Լոքյանի ու Արտակ Ադամյանի շահերն Արծրուն Իգիթյանի հետագա պաշտոնավարումը շարունակելու անհնարինության հարցում, կփորձենք պարզել հետագայում: Սակայն, ինչպես շիրակցիներն են ասում, Արտակ Ադամյանն էլ միամիտներից չէ, և նա էլ իր շահերն ունի: Ըստ մարզում տարածվող խոսակցությունների՝ Արծրուն Իգիթյանը համապատասխան պայմաններ չի ստեղծել, որ Արտակ Ադամյանի ճանապարհաշինական ընկերությունը, որը համարվում է մարզի ամենախոշորներից մեկը, դառնա մարզի միանձնյա սպասարկողը, այսինքն՝ մասնակցի մրցույթներին ու ինքը հաղթող ճանաչվի դրանցում: Ախուրյան համայնքում հիմա լայն թափով ընթանում է այս իշխանությունների սիրած «ասֆալտ» օպերացիան, և պարզ է, որ Արտակ Ադամյանն ուզում է ամեն ինչ իր ձեռքը վերցնել:

Դեռևս օրեր առաջ մամուլը գրել էր, որ Շիրակի մարզի կադրային հարցերը լուծող, պատգամավոր Կարեն Սարուխանյանը ցանկանում է այդ պաշտոնը «հանձնել» Շիրակի մարզի ԱԱԾ տնօրեն Կամո Ներսիսյանի եղբորը` անկուսակցական Կարեն Ներսիսյանին, ով Ախուրյանի ավագանու գործող անդամ է, իսկ Էմմա Պալյանը պատրաստվում է այդ պաշտոնի համար այլ թեկնածու առաջադրել` ի դեմս Ախուրյանի ավագանու ՔՊ-ական անդամ Հասմիկ Նավոյանի, ով մի  քանի ամիս զբաղեցրել է Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնը։ Կայքը գրել էր նաև, որ վերը նշված թեմայի շուրջ լարվել են 2 պատգամավորների հարաբերությունները։

Ինչևէ, փաստ է, որ այս պահի դրությամբ Ախուրյանի փոխհամայնքապետերի հաստիքը դեռևս թափուր է: Մեր տեղեկություններով՝ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի ՔՊ-ական կառավարիչները մտադրություն ունեն Ախուրյան խոշորացված համայնքի բոլոր 28 գյուղերում իշխանափոխություն կատարել՝ տեղի պատասխանատուներին փոխարինելով յուրայիններով:

Կարդացեք նաև

Կատաղի պայքար է մղվում նաև Ախուրյանի համայնքապետարանի բաժինների պետերի պաշտոնների համար, և ՔՊ-ականները, բնականաբար, ամեն ինչ անելու են իրենց ներկայացուցիչներին այնտեղ «խցկելու» համար:

168.am-ի՝ Շիրակի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ առավել ակտիվ են այս հարցում Ալբերտ Այվազյանը, ԱԱԾ Շիրակի մարզային ղեկավար Կամո Ներսիսյանը, պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը:

Վերջինս, ի դեպ, բավականին ակտիվորեն զբաղված է Ախուրյանի համայնքապետ դարձած «Ախուրյան» ԲԿ-ի նախկին ղեկավար Զավեն Մանուկյանին փոխարինողի փնտրտուքներով: Այս պահին դեռ կոնկրետ անուններ չեն հնչում, որովհետև ինչպես ցանկացած ապրանք, թերևս, այդ պաշտոնը նույնպես գին ունի: Ըստ երևույթին դեռ լավ առաջարկներ չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս