Ո՞վ է երեկ Գյումրիում ձերբակալված շինարարը

Երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել են չորս անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։

Պաշտոնյաները կասկածվում են կաշառք ստանալու մեջ։

Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ այս նույն գործի շրջանակում, միայն թե կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է շինարարական ընկերություններից մեկի պատասխանատու Արտակ Ադամյանը։

Այս անունը Գյումրիում բավականին հայտնի է: Արտակ Ադամյանի հոր՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին են վստահվել և վստահվում Գյումրիում ու առհասարակ մարզում ընթացող բազմաթիվ շինարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում, և նույնիսկ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Գյումրիում նոր մաքսատան շինաշխատանքները պատվիրակել էր այս շինարարական ընկերությանը՝ բնականաբար, մեկ անձանց գնման ընթացակարգով։

Կարդացեք նաև

Այս անունը ծանոթ է նաև 168.am-ի ընթերցողներին: Դեռևս նախորդ տարվա հուլիսի 20-ի մեր հրապարակման մեջ գրել էինք, որ Ախուրյանի արդեն նախկին համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանի հրաժարականի հարցում որոշիչ է եղել Արտակ Ադամյանի դերակատարությունը: Հիշեցնենք, որ ՔՊ-ականները, ովքեր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում որևէ կերպ չէին հանդուրժել իրենց պարտությունը բազմաթիվ համայնքներում, ու լծվել էին բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով իշխանությունը զավթելու գործընթացին, պաշտոնանկության պահանջ էին ներկայացրել նաև Ախուրյանի նախկին համայնքապետին:

Այն, որ ՔՊ-ական իշխանությունն անգամ ՏԻՄ մակարդակում չի հանդուրժում այլ քաղաքական ուժի կամ անհատի ներկայություն, ակնհայտ դարձավ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շուրջ գործընթացներից հետո: Վերջինս մինչև հիմա կալանավորված է միայն նրա համար, որ համարձակվել էր հաղթել Վանաձորի ընտրություններում: Բայց, որ այնքան հեռուն կգնան, որ համայնքապետին իր պաշտոնից հրաժարվել ստիպելու համար կդիմեն կոնկրետ ահաբեկումների ու բռնության, դժվար էր պատկերացնել, թեպետ այս իշխանությունների պարագայում ոչնչից պետք չէ զարմանալ: Երբ իշխանությունը չի ունենում կարմիր գծեր, ադեկվատ վարքագիծ ակնկալելն առնվազն միամտություն է: Այսպես եղավ նաև Ախուրյանը 27 տարի ղեկավարող Արծրունի Իգիթյանի պարագայում:

168.am-ի՝ Շիրակի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանին «լավով» հրաժարական գրել տալ չկարողանալով՝ «գործուն ստիպել էին» հրաժարական տալ. Շիրակի մարզում բավականին հայտնի, ծագումով ախուրյանցի գործարար Արտակ Ադամյանը բռնություն էր գործադրել նրա նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս