Բաժիններ՝

Ինչի՞ հաշվին է նվազեցվում եկամտային հարկը, ու դա ինչպե՞ս կանդրադառնա բյուջեի մուտքերի վրա

Օգոստոսի սկզբից կառավարությունում ակտիվ քննարկվում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները։ Տարբեր գերատեսչությունների ու ոլորտի մասնագետների հետ կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ, իսկ վերջին հանդիպմանն էլ ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ եկամտային հարկի նվազեցման տարբեր սցենարներ են քննարկվում։ Օրինակ՝ միկրոբիզնեսի համար նախատեսվում է սահմանել սիմվոլիկ հարկ: Խնդիրն այն է, որ այն գումարները, որոնք ստացողների մոտ կբնորոշվեն՝ որպես տնօրինվող եկամուտ, պետական բյուջեի համար կբնորոշվեն՝ որպես բյուջետային կորուստ: Սակայն միաժամանակ, 2018թ. պետական բյուջեի եկամուտների առումով բավականին մեծ եկամուտներ են պլանավորվում 2019թ. համար։

Ինչի՞ հաշվին է նվազեցվում եկամտային հարկը, ու դա ինչպե՞ս կանդրադառնա բյուջեի մուտքերի վրա։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 2 հայեցակարգ է քննարկվում, և արդեն մյուս շաբաթ այդ մակարդակով հստակություն կլինի: Առաջին հայեցակարգը ներկայացրել է Ֆինանսների նախարարությունը, երկրորդը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Ֆինանսների նախարարությունը եկամտային հարկի մոտ 6 սցենար է գրել, առաջարկվում է բոնուսային համակարգ, որ եկամտային հարկից որոշ մաս վերադարձվի հարկատուին, և այլն, սակայն խնդիրն ավելի շատ դիտարկվում է բյուջեի կորստի տեսանկյունից։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ըստ Հակոբ Ավագյանի, խնդիր ունի բիզնեսին հնարավորություն տալ, որ դուրս գա ստվերից:

«Մասնավորապես՝ այժմ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման և, ըստ դրանց, բյուջեի հնարավոր կորուստների մի քանի սցենար է քննարկվում»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկած տարբերակով դեռ հաշվարկները չունեն, սպասում են ՊԵԿ-ի տվյալներին, որոնց հիման վրա կարելի կլինի թվաբանորեն հաշվարկը ներկայացնել։

Հ. Ավագյանի խոսքով՝ խնդիրը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ կարճաժամկետում կորուստները համադրվեն արդյունքի հետ, թե ինչքան մարդ դուրս կգա ստվերից, մասնավորապես՝ գերփոքր բիզնեսի մոտ, որտեղ մեծամասնությունը ստանում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ինչքան մարդ կգրանցվի՝ որպես աշխատող։

«Այս հաշվարկը, կարծում եմ, շատ ավելի դժվար է կատարել, եթե չասեմ, որ այն կարող է լինել միայն կանխատեսումների տեսքով,- նկատեց փոխնախարարն ու շարունակեց,- Դատելով մեր նախարարության կողմից կատարված մարզային այցերից և ՓՄՁ-ների հետ ունեցած հանդիպումներում հնչեցրած խնդիրներից, վարձու աշխատողի եկամտային հարկը, սոցիալական վճարը, դրոշմանիշային վճարը միասին լուրջ բեռ է նրանց համար։

Եվ դա է պատճառը, որ չեն գրանցում։ Նման մոտեցմամբ մենք հնարավորություն կտանք փոքրերին գրանցել իրենց աշխատողներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս