Բաժիններ՝

Դատավորին մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը. առավել թանկ նվերը պետք է հանձնվի պետությանը

Կառավարությունը քննարկեց դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին նախագիծը, ըստ որի` դատավորի կողմից օրենքներով թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվեր ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ եթե սահմանված ժամկետում դատավորի կողմից նվերը հետ չի վերադարձվում կամ համարժեք չի հատուցվում, ապա դատավորը պարտավոր է նվերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել կառավարության կողմից սահմանած կարգով` ՀՀ-ին, մասնավորապես` պետական գույքի կառավարման համապատասխան մարմնին:

Տվյալ դեպքում թույլատրելի չհամարվող նվեր ասվածը ենթադրում է գույքային առավելությունը, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Եվ հակառակը` թույլատրելի նվեր է համարվում այն նվերը, որը սովորաբար կարող է տրամադրվել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը:

Մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Տարվա կտրվածքով ստացվող նվերները չեն կարող գերազանցել 400 հազար դրամը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու են դատավորի և նախարարի համար երկու տարբեր կարգավորումներ սահմանվում: Զեյնալյանը նշեց, որ դրանք նախատեսված են կոնկրետ օրենքներով, և կառավարության՝ օրենքից բխող որոշում պետք է լինի: «Մենք չենք կարող տարբեր օրենքներով նախատեսված իրավակարգավորումները հիմնավորել նույն օրենքով»,- ասաց նախարարը:

Իսկ թե բարձրաստիճան պաշտոնյաները ինչ նվերներ կարող են ստանալ, և ինչը թույլատրելի չէ, Արտակ Զեյնալյանն ասաց, որ այդ եզրույթը հստակ սահմանված է: «Նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Իսկ թույլատրելի է համարվում այն նվերը, որը սովորաբար կարող էր նվիրել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ 100 000 դրամից ավելի չի կարող արժենալ նվերը միանգամյա և 400 000-ից ավելի՝ տարվա կտրվածքով:

«Եթե գերազանցում է այդ գումարը՝ պետք է վերադարձվի, եթե հնարավոր չէ վերադարձնել՝ պետք է նվիրի պետական գույքի կոմիտեին»,- ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ այս հարցերի վերաբերյալ իրազեկման քայլեր պետք է արվեն, որ հասարակությունն էլ իմանա, որ նման օրենքներ կան, եւ որ դատավորին նման նվերներ չի կարելի տալ:

«Կարծում եմ, որ պետք է իրազեկման որոշակի միջոցներ ձեռնարկվեն, և այդ իրազեկման օբյեկտը ոչ միայն պաշտոնյաները լինեն, այլև հանրությունը, որպեսզի այս մասով խաղի կանոնները պարզ լինեն, և բոլորիդ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, որովհետև կարծում եմ, որ գործնականում միշտ չէ, որ սահմանված կանոնները պահպանվում են:

Կխնդրեմ, որ Արդարադատության նախարարությունը համապատասխան մյուս կառույցների հետ աշխատի, որպեսզի իրազեկվածության մակարդակը բարձրանա, զանգվածային լրատվության միջոցների հետ է պետք աշխատել այս թեմայով, որպեսզի կոնկրետացնեն, թե ինչն է թույլատրելի, ինչն է անթույլատրելի, նվեր ստանալու ընթացակարգերը պահպանվեն»,- ասաց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս