100 հազար մարդ՝ «ՄՅՈՒ» – «Լիվերպուլ» խաղին, իսկ Մոուրինիոն տոմս չէր գնի
Ամռանը ֆուտբոլային հանգստի ժամանակ ակումբային ֆուտբոլի սիրահարների համար ամենասպասված իրադարձությունը International Champions Cup-ն է: Այստեղ իրար հետ մրցում են մի շարք եվրոպական գրանդներ:
Հանգստյան օրերին մրցաշարի ընթացքում իրար էին հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: Այս խաղին ներկա էր ավելի քան 100 հազար հանդիսական:
«Միչիգան ստեդիումն» ընդունում է 107 601 հանդիսականի: Անն Արբոր քաղաքում, որտեղ գտնվում է մարզադաշտը, ապրում է ընդամենը 120 000 մարդ: Այնպես որ, այս խաղը մեծ իրադարձություն էր:
2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալն» այս մարզադաշում հավաքել են 109,166 հանդիսատես (մարզադաշտը երբեմն կարող է ընդունել 115 հազար մարդ): 2016 թվականին «Չելսին» և «Ռեալ» հավաքեցին 105.826 երկրպագու:
Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղից բոլորը շատ գոհ էին: «Մթնոլորտը հիասքանչ էր: Երբ մենք առաջին անգամ եկանք մարզադաշտ, արդեն երևում էր, որ մթնոլորտը շատ լավն է»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը:
Կլոպի թիմի համար ամեն ինչ իրոք հրաշալի էր: Թիմը կարողացավ հաղթել «Յունայթեդին» 4:1 հաշվով:
Իսկ մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն շատ դժգոհ էր:
«Ես խաղին չէի գա երկրպագուների փոխարեն: Ես իմ գումարը չէի վատնի այս թիմերի խաղը տեսնելու համար: Կարծում եմ, որ այն զգացմունքները, որ շատ ամերիկացիներ են ապրում ֆուտբոլի համար, արժանի են ավելիին: Նրանք արժանի են լավագույն խաղացողներին, լավագույն կազմերին»,- նշել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան