«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի ավտոտրանսֆորմատորից 26.1 տոննա պղնձե փաթույթների բացակայության փաստի առթիվ քրգործ է հարուցվել
2018 թվականի հուլիսի 3-ի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գրությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաղորդման հիման վրա ուսումնասիրվել են գրության մեջ ներկայացված հանգամանքները և դրան առնչվող փաստաթղթերը: Ուսոմնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար: նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2007 թվականից վերանորոգման նպատակով «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տարածքում գտնվող՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող ավտոտրանսֆորմատորից բացակայել են մոտ 26.1 տոննա պղնձե փաթույթներ, որոնց արժեքը միայն որպես մետաղի ջարդոն կազմել է 52.000.000 ՀՀ դրամ։
Նշված փաթույթների բացակայության վերաբերյալ, սակայն, 2007-2016 թթ. գրություններում և ակտերում որևէ հիշատակում չի եղել: Բացի այդ «Էներգանորոգում» ԲԲԸ-ի արտադրամասի տարածքի զննմամբ պարզվել է, որ այդտեղ հնարավոր է մուտք գործել միայն հատուկ անցագրերով։
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են «Էներգանորոգում» ԲԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ փաստի առթիվ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: