«Ռուսաստանի ռազմավարությունն է՝ փորձել այլևս ոչինչ չկորցնել Հարավային Կովկասում»

Հարցազրույց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ,  բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի  համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութի հետ

– Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական փոփոխությունների ողջ ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը հարաբերականորեն խաղաղ էր: ՀՀ-ում վարչապետի ընտրություններից և նրա այն հայտարարություններից հետո, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իրավիճակը սկսեց փոխվել: Փոփոխություններ սկսեցին նկատվել հայ-ադրբեջանական սահմանում Նախիջևանից: ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը դիրքերում ինժեներական աշխատանքներ է սկսել՝ նպատակ ունենալով բարելավել ռազմական դիրքերը, որը սրեց իրավիճակը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմը նախաձեռնել նման գործողություններ Նախիջևանի կողմից:

– Երկու խնդիր եմ տեսնում: Մեկը իրավիճակն է շփման գծում և միջազգային սահմանին, մյուսը` բանակցային գործընթացը: Դրանք փոխկապակցված են, բայց դրանք ունեն իրենց սեփական դինամիկան ևս: Շփման գծում իրավիճակը ողջամտորեն հանգիստ էր: Սա հաստատվեց Մինսկի խմբի համանախագահների մայիսի 15-ին տարածված հայտարարությամբ: Սակայն, իմ համոզմամբ, Հայաստանում փողոցային ցույցերի ամենազգայուն օրերին եղավ մի վտանգավոր փուլ, քանի որ, եթե ինչ-որ բան պատահեր շփման գծում, դա կարող էր անդրադառնալ Երևանում իրադարձությունների զարգացման ելքի վրա:

Բայց ոչինչ տեղի չունեցավ. փաստորեն իրավիճակը հանգիստ էր, քան սովորաբար: Ես դա գնահատում եմ՝ որպես դրական հանգամանք: Հետո ստեղծվեց իրավիճակ՝ կապված ադրբեջանական կողմում` Նախիջևանից, շինաշխատանքների հետ: Ես չունեմ ուղիղ տեղեկատվություն, բայց երկրորդական տեղեկությունները ցույց են տալիս, որ սա շարունակական աշխատանք է սահմանի ադրբեջանական կողմում, որի պարագայում այս դեպքն այդքան էլ խնդիր չէ և չպետք է վերածվի խնդրի: Հրադադարը պետք է շարունակել հարգել:

Մեկ այլ խնդիր կապված է բանակցային գործընթացի ձևաչափի հետ: Ներկայիս ձևաչափը համաձայնեցվել է Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային միջնորդների կողմից: Սա փոխելու համար պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությունը: Հայաստանը ձևաչափը փոխելու գաղափարներ ունի, Ադրբեջանը` ևս: Երբ կողմերը համաձայնեն, ձևաչափը կարող է փոխվել: Իմ անձնական կարծիքն այն է, որ Ստեփանակերտն ինչ-որ պահի պետք է ներգրավվի քննարկումներում: Բայց այս ձևաչափի շրջանակում բավականին մեծ աշխատանք կա անելու մինչ այդ հանգրվանը:

– Տեսնո՞ւմ եք լայնածավալ պատերազմի վերսկսման սպառնալիք: Այս փոփոխություններից հետո ի՞նչ մարտահրավերներ կան հակամարտության շուրջ:

– Հայաստանում Կառավարության փոփոխությունը Հարավային Կովկասում նոր դինամիկա է ստեղծում: Մենք դեռ գործընթացի ամենասկզբնական փուլում ենք: Եթե Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը լրջորեն ներգրավվեն բանակցություններում, ապա պատերազմի սպառնալիքը կչեզոքանա, և խաղաղության հեռանկարը կընդլայնվի: Կարծում եմ` Փաշինյանն ու Ալիևը պետք է, որքան հնարավոր է, շուտ հանդիպեն, բայց այդ հանդիպումը պետք է շատ լավ պատրաստված լինի՝ հիասթափություններից խուսափելու նպատակով:

– Փաշինյանի հաղթանակից հետո որո՞նք են Ռուսաստանի շահերը ԼՂ հակամարտության գոտում:

– Չեմ կարծում, թե ներկայումս որևէ մեկը կասկած ունի, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր հեգեմոն դիրքերը կամ ամենաքիչը արտոնյալ դիրքը Հարավային Կովկասում: Երկար տարիներ Ռուսաստանն օգտագործել է Ղարաբաղը՝ որպես գործիք այս ռազմավարությունում: Ռուսաստանը չստացավ ոչինչ Փաշինյանի հաղթանակից: Ներկայումս նրա ռազմավարությունն է՝ փորձել այլևս ոչինչ չկորցնել:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին շրջանում ակտիվացրել է ջանքերը՝ բանակցային գործընթացի նախկին դինամիկան վերականգնելու նպատակով: Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել առաջիկա բանակցություններից, երբ հայկական կողմը հրապարակայնորեն առաջ է մղում Արցախի մասնակցության գաղափարը, իսկ ադրբեջանականը` նշում, որ դա կնշանակի՝ բանակցային գործընթացի ավարտ:

– Ստեփանակերտի մասնակցության վերաբերյալ Հայաստանի կոչը բանակցություններում եղել է երկար ժամանակ: Ուստի Փաշինյանի հայտարարություններում որևէ նոր բան չկա այս առնչությամբ: Դա դեռ այլ հարց է բանակցելու համար:

– Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում գրել էր, որ առաջիկա ամիսները ԼՂ հակամարտության կարգավորման նոր հեռանկարներ կբացեն: Ի՞նչ էր նշանակում ԱՄՆ նախագահի այս լավատեսությունը:

– Չեմ կարող կարդալ Թրամփի միտքը, ուստի չեմ կարող ասել, թե ինչ է նա նկատի ունեցել: ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Նա պետք է այս հարցում ակտիվ լինի: Այնուամենայնիվ, ես ևս հավատում եմ, որ սա այն պահն է, որ բանակցային գործընթացը պետք է տեղափոխել հաջորդ մակարդակ: Ոչինչ չպետք է արվի այս գործընթացը փչացնելու համար:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նոր իշխանությունների հայտարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ: Ձեր կարծիքով` Փաշինյանի Կառավարությունը կկարողանա՞ հաջողություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում:

– Նիկոլ Փաշինյանը հսկայական ներքին օրակարգ ունի, որի հետ պետք է գործ ունենա: Վստահ եմ, որ սա լինելու է նրա անհապաղ առաջնահերթությունը: Նա հաստատել է արտաքին և անվտանգության քաղաքականության շարունակականություն, ԼՂ հակամարտության ուղղությամբ` ևս: Վաղ թե ուշ նա կզարգացնի իր սեփական դիրքորոշումն այս հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս