Արտահերթ ընտրություններ կլինե՞ն
Ազգային ժողովի ճեպազրույցների թեման երեկ հիմնականում արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, քննարկողներն էլ՝ փոխատեղված ընդդիմությունն ու իշխանությունը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իրատեսական է համարում աշնանն արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն, ըստ նրա, դրա համար պետք է քաղաքական լայն կոնսուլտացիաների միջոցով հասնել համաձայնության՝ գործող խորհրդարանը ցրելու մեխանիզմի շուրջ։
Է.Մարուքյանի կարծիքով՝ նաև հնարավորություն է պետք ստեղծել Ընտրական օրենսգիրքն ընդունելու համար, որի համար 63 ձայն է անհրաժեշտ. «Մեզ պետք է լայն կոնսոլիդացիա այս խնդիրների լուծման շուրջ: Հանրապետականներն այս պահին ասում են, որ իրենց օրակարգում չկա նման հարց, բայց դեռևս չկան այդ բանակցությունները, դրա համար էլ ասում են: Երբ կլինեն քննարկումներ, կարող ենք շատ նորմալ համաձայնության գալ»:
Ընդ որում, ըստ նրա, քանի որ Հայաստանում իրավիճակն էքստրաօրդինար է, արտահերթ ընտրությունների անցկացման համար սեղմ ժամկետներ կսահմանվեն:
Է.Մարուքյանը նշեց, որ ԸՕ փոփոխությունների նախապատրաստումներով ներկայումս զբաղվում է Դանիել Իոաննեսյանը, ինքը չգիտի, թե ով է ներգրավված աշխատանքային խմբում:
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել են, ներկայացրել մոտեցումներն ԸՕ-ի հետ կապված, որը նորություն չէ, խմբակցությունում 1 տարի և ավելի քննարկվել է, և առաջնային հարցը ռեյտինգային համակարգն է, որ պետք է հանվի, ընտրողների ցուցակը «մաքրելու տեղ ունի», ընտրողների իդենտիֆիկացման համակարգի խնդիր կա, որը բարդ, ծախսատար և ժամանակատար խնդիր է, պետք է անդրադառնալ կուսակցությունների մասին օրենքին, մեխանիզմներ դրվեն, որ կուսակցության ֆինանսավորումը չլինի տաբու, և միայն իշխանական կուսակցությունները չֆինանսավորվեն, բիզնեսները կարողանան բաց աջակցել այն կուսակցությանը, որի գաղափարին հարում են:
Ըստ նրա՝ սա կբերի լուրջ փոփոխությունների, հասարակության առողջացման, կուսակցությունների ֆինանսական կայունության. «Մեզանում ամեն ինչ եղել է ստվերային, բայց պետք է լինի բաց, թափանցիկ, որ բոլորն իմանան, թե ով որտեղից է ֆինանսավորվում»:
«Պետք է ունենալ մի այնպիսի ԸՕ, որ բոլորը հնարավորություն ունենան ակտիվ և պասիվ մասնակցել ընտրական գործընթացներին»,- հավելեց Է.Մարուքյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողման պատասխանատվության խնդրին՝ Է.Մարուքյանը նշեց, որ բոլորը պատասխանատու են իրենց ներկայացրած թեկնածուների և կառավարության ծրագրի համար, որովհետև ԱԺ-ն հաստատելու է այն: Նա խորհուրդ տվեց ոչ թե սպասել, թե երբ է ձախողելու կառավարությունը, այլ աջակցել, որ չձախողի. «Նախ՝ վստահեցնում եմ, որ ձախողում չի լինելու, երկրորդ՝ եթե հիպոտեթիկ ձախողի, դա կլինի ՀՀ ձախողում: Եթե կոալիցիոն հուշագիր ստորագրվի, այդ դեպքում պատասխանատվության բեռն ավելի կմեծանա»:
Ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալ նոր կառավարությանը և Փաշինյանի նշանակումներին:
«Նշանակված մարդկանց իշխող մեծամասնությունը քաղաքական դաշտում անհայտ մարդիկ են: Պետք է հնարավորություն տանք աշխատելու և հետո գնահատականներ տանք: Կան մտավախություններ, բայց Աստված տա, որ դրանք փարատվեն»,- ասաց Վ.Բաղդասարյանը: Ամեն դեպքում խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է չխոչընդոտել նոր կառավարությանը, ավելին՝ աջակցելու են, օժանդակելու այն ծրագրերին, որ միտված են մեր երկրի զարգացմանը, անվտանգության բարձրացմանը:
Այս պայմաններում Վ.Բաղդասարյանն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում, իսկ ՀՀԿ-ն պատրաստվում է 2022 թ. ընտրություներին:
Դիտարկմանը, որ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծամասնություն, իսկ կառավարությունը ձևավորել է Փաշինյանը, արդյոք այս իրավիճակի լուծումն արտահերթ ընտրությունները չե՞ն, նա պատասխանեց. «Իսկ ապրիլին չէի՞ն մտածում այդ մասին: Դրա համար պետք էր համբերել մինչև 2022 թ. և սահմանադրական ճանապարհով ընտրությունների գնալ: Հիմա ի՞նչ եք կարծում, մենք պետք է ասենք՝ Ազգային ժողովն ի վիճակի չէ աշխատելու, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների՞: Ազգային ժողովում մենք ենք իշխանությունը, բայց ընդդիմություն ենք կառավարությանը: Մենք կառուցողական ընդդիմություն ենք»:
Թե ինչո՞ւ կողմ քվեարկեցին Փաշինյանի թեկնածությանը՝ հարցին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ավելի բարձր գնահատեցին երկրի անվտանգությունը, որովհետև իրավիճակը հղի էր վտանգներով. «Մենք իրավիճակային լուծում ենք տվել, որ կարողանանք փողոցը հանդարտեցնել: Մենք երբևէ մեկ անգամ չենք փոշմանել և ճիշտ ենք արել: Այն բոլոր ծրագրերը, նախաձեռնությունները, որոնք միտված են պետության, երկրի զարգացմանը, անվտանգության խնդիրներին, պատրաստ ենք ողջունելու: Մենք չենք ասում, որ կտրականապես մերժում ենք ամեն ինչ, եթե տաք փաստաթուղթ արտահերթ ընտրություների, կխոսենք»:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Վ.Բաղդասարյանը նշեց, որ իրենց բոլոր առաջակությունները կյանքի են կոչել 2017 թ. ընտրություններից առաջ, ԸՕ-ն ընդունվել է կենսենսուսով, որը նաև Վենետիկի հանձնաժողովի պահանջներից էր, և տարբեր խողովակներով այդ քննարկումները եղել են:
Ընտություններից հետո, ըստ Վ.Բաղդասարյանի, միջազգային կառույցների գնահատականը եղել է դրական, ՍԴ-ում միայն մեկ դեպք է քննարկվել, և արդյունքները բոլորին բավարարել են: Նա նշեց, որ, երբ իրենց առաջարկ կլինի ԸՕ քննարկելու համար, կքննարկեն:
Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանն ամենաանպատրաստ և թույլ գեներալն է՝ ամենապատասխանատու պաշտոնում։ Նա իրեն իրավունք չվերապահեց գնահատականներ տալ Արտակ Դավթյանին, առավել ևս, որ նրա հետ ընդհանրապես շփում չի ունեցել. «Պետք է աշխատի և, արդյունքները տեսնելով՝ գնահատական կտանք: Բայց դա ամենակարևորագույն պոստերից մեկն է: Արտակ Դավթյանը շատ զգոն պետք է լինի, և ինքը պետք է գիտակցի, թե ինչ համարձակ քայլի է գնում: Արթուր Աղաբեկյանը բավականին կայացած ֆիգուրա է ՊՆ-ում, բայց չի եղել որևէ նշանակում, որ տարբեր կարծիքներ չհնչեն»:
Կոռուպցիոն բացահայտումների և ապօրինի հարստացման դեմ պայքարի վերաբերյալ ԱԱԾ պետի հայտարարությունները Վ.Բաղդասարյանը վաղաժամկետ համարեց. «Ես ցավում եմ, որ ԱԱԾ տնօրենը շտապում է հայտարարություններ անելու համար: Դա իրականությանը չի համապատասխանում: Ես խնդրում եմ՝ իրադարձությունների զարգացմանը հետևեք, կլինեն նոր հայտարարություններ: Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի խոսքը, բերման ենթարկվածներ կան, բայց մենք պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ ունեցած պայմանավորվածություններն ու օրենսդրական դաշտի կարգավորումը: Վաղը-մյուս օրը, ինձ թվում է, ՊԵԿ նախագահը կամ ԱԱԾ ղեկավարը կանեն հայտարարություններ»:
«168 Ժամ»