Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկին գրավի դիմաց ազատ կարձակվի
Երեկ՝ մայիսի 24-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով խափանման այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: Բ. Կալիուսսկին ազատ կարձակվի գրավը վճարելուն պես: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել նրան:
Բոգդան Կալիուսսկին Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2018 թ. մարտի 31-ին՝ փաստաթղթերի կեղծման և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Իսկ 2018 թ. ապրիլի 1-ին նա կալանավորվել է և այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում դեռևս 2013 թ.-ից: Ռուսաստանի Դաշնությունում նրան մեղադրում են ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր հնչեցնելու մեջ: Մտավախություն կար, որ նրան կարող են արտահանձնել ՌԴ: Ինչ վերաբերում է փաստաթղթերի կեղծմանն ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ ՀՀ-ում առաջադրված մեղադրանքներին, ապա ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հաստատել է, որ Բոգդան Կալիուսսկին իր անունն ու ազգանունը փոխել է 2017 թ.-ին օրինական կարգով, հետևաբար՝ սահմանը հատել է օրինական փաստաթղթերով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ