«Ռուսաստանի դիրքորոշումը հենց այդպիսին էլ պետք է լիներ»

Մայիսի 13-ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին օտարերկրյա այցը կատարեց Ռուսաստանի Դաշնություն` Սոչի, որտեղ մասնակցեց Եվրասիական բարձրագույն խորհրդի գագաթաժողովին: Սակայն մինչ պաշտոնական հանդիպումներին անցնելը Փաշինյանն առիթ ունեցավ շփվելու հայ համայնքի հետ, որը վերջին ժամերին համացանցում առավել ակտիվ քննարկվող հայաստանյան թեմաներից մեկն է:

Ուշագրավ էր, որ վարչապետ Փաշինյանի ռուսաստանյան օրակարգին առանձնակի մեծ շուք հաղորդեց նրա այցի մեկնարկը Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցուց, որի մոտ նրան դիմավորեցին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը և տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Եկեղեցու մոտ Փաշինյանի հանդիպումը ՀՀ քաղաքացիների հետ հանրահավաքի նմանվեց, և Փաշինյանը ստիպված եղավ փոքրիկ ելույթով դիմել Սոչիում բնակվող մեր հայրենակիցներին: Նա կոչ արեց վերադառնալ Հայաստան, ներդրումներ կատարել, որոնք միանշանակորեն պաշտպանված կլինեն, քանի որ, նրա բնորոշմամբ, սա Հայաստանի աստեղային ժամն է:

Մայիսի 14-ին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթաժողովի օրակարգային հարցերին: Սոչիում կայացավ նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդավայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Փաշինյանը նշեց Հայաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու Մոլդավայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները:

«Մոլդավայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ակնկալում եմ, որ հետագայում ևս մեր փոխշահավետ հարաբերությունները կամրապնդվեն՝ ի շահ երկու երկրների»,- ընդգծեց Իգոր Դոդոնը: Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նա Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից «պատվով դուրս գալու համար»։ Ն. Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։

Վարչապետ Փաշինյանը Ղրղըզստանի հետ հարաբերությունների հարցում իր դրական տրամադրվածությունը հայտնեց նաև Ղրղըզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ Սոչիում կայացած հանդիպմանը: «Մենք ավանդաբար ունեցել ենք ջերմ հարաբերություններ, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները ոչ միայն կշարունակեն այդպիսին լինել, այլև կզարգանան։ Ես ցավում եմ, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ամբողջությամբ չեն արտացոլում տնտեսական կապերը»,- ասաց Ն. Փաշինյանը։ Նա նշեց, որ դրա համար կան օբյեկտիվ խնդիրներ, մասնավորապես, երկու երկրների միջև հեռավորությունը, բայց 21-րդ դարում, ըստ ՀՀ վարչապետի, դա չի կարող տնտեսական կապերի զարգացման խոչընդոտ հանդիսանալ։

«Մենք տրամադրված ենք էներգետիկ, դրական աշխատանքի ու բոլոր ջանքերն ենք գործադրելու, որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանան արագ տեմպով»,- ավելացրեց Փաշինյանը։ Ղրղըզստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ։ «Մենք պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ հարցում»,- ասել է Ժեենբեկովը։

Ն. Փաշինյանի Սոչի կատարած այցի ամենասպասված հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էր: ՌԴ նախագահը վերահաստատեց, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, դա վերաբերում է և՛ տնտեսական փոխգործակցությանը, և՛ անվտանգության հարցերին:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է ՀՀ-ի առևտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները ՀՀ տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատկել»,- ասաց Պուտինը՝ հույս հայտնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ:

«Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և ՌԴ-ն մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, և՛ անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական զարգացման»,- ասել է Պուտինը:

Ն. Փաշինյանն իր հերթին ասել է, որ հաճելի է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց մի քանի օր անց հնարավորություն ունի հանդիպելու ՌԴ նախագահի հետ, քանի որ կան քննարկվելիք հարցեր: «Բայց այն, ինչ վերաբերում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին, քննարկման ենթակա չէ:

Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում ՀՀ-ում կա կոնսենսուս, և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել, և կարծում եմ, չի դնի կասկածի տակ: Մենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում:

Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում: Այժմ ՌԴ-ից շատ զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան, ինչը հաճելի է: Կարծում եմ՝ ՀՀ-ն դուր է գալիս ռուս զբոսաշրջիկներին, հայերին նույնպես շատ է դուր գալիս տեսնել այդքան զբոսաշրջիկներ Երևանում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն բալանսավորված դիրքորոշումը, որը ՌԴ-ն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում, և ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաև հայ հասարակության կողմից»,- ասել է նա:

ԵԱՏՄ ղեկավարների հետ հանդիպումներին հաջորդեց ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ, որը մեկնարկել է ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների համատեղ լուսանկարով։

Միջոցառման օրակարգում է եղել 12 հարց: Հատուկ ուշադրություն է հատկացվել ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծմանն ուղղված ջանքերի ավելացմանը, արտադրական կապերի ու կոոպերացիաների զարգացմանը, ֆինանսական քաղաքականության մերձեցման կուրսին: Բացի այդ, Կրեմլում առաջարկում են կառուցել նոր, արդյունավետ տրանսպորտային շղթաներ: Նեղ կազմով նիստի մեկնարկին Պուտինը հույս հայտնեց, որ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ կստանա Մոլդավան, Մոլդավայի ղեկավարը ևս հետաքրքրված է այս հեռանկարով:

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում, ձևավորվել է կառավարություն, որի ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքականության ուղիների փոփոխություն:

«Հաստատում եմ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ ԵՏՄ-ի շրջանակում: Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաև տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով»,- ասել է նա:

Ն. Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաև տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում.

«Կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը և ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետևողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: ՀՀ-ն շահագրգռված է դրանում և ելնում է նրանից, որ նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա:

Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացվում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածվում են «վիճակագրություն կատեգորիայի»»։

Ն. Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել նիստում համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը:

«ԵԱՏՄ-ի արտաքին գործունեությանը վերաբերող հարցերի հետ կապված՝ ընդգծեմ, որ դիտորդի կարգավիճակի մասին դրույթը երկար համաձայնեցումներից հետո, մեր կարծիքով, ամբողջությամբ բխում է միության մասին պայմանագրից: Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ում երրորդ երկրների հետ փոխգործակցության այլ ձևաչափեր ներդնելու հարցի մշակումը նպատակահարմար է դիտարկել դիտորդի կարգավիճակի գործնական իրականացման վերլուծությունից հետո:

Առավել ևս, որ այսօր նախատեսվում է ընդունել երրորդ երկրների կամ այլ ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը, որը միտված է պայմանագրերի կնքման հարցերի կարգավորմանը, համատեղ հետազոտական խմբի աշխատանքի պարզեցմանը և շատ ավելիին»,- ասել է ՀՀ վարչապետը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուսական «Վալդայ» քաղաքագիտական ակումբի ներկայացուցիչ, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը Փաշինյան-Պուտին հանդիպումը գնահատեց հաջողված և արդյունավետ:

Ըստ նրա՝ հստակ շեշտադրումներ հնչեցին ՀՀ վարչապետի կողմից, որպեսզի ՌԴ-ում տարընթերցումներ չլինեն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դրանք, Լուկիանովի պնդմամբ, տեղին էին և ժամանակին, քանի որ Ռուսաստանում կան իշխանական տարբեր խմբեր, տարբեր շահեր, որոնք իրենց հերթին՝ տարբեր մտահոգություններ են փորձում հաղորդել ՌԴ իշխանություններին, դրանք էլ թուլացնում են հարաբերությունների հիմքը:

«Շեշտադրումներից կառանձնացնեի այն հատվածը, որը վերաբերում էր հայ-ռուսական հարաբերությունների բնույթին, որ այդ հարցում կա կոնսենսուս Հայաստանում, և այդ հարաբերությունները պահպանվելու են: Վարչապետը բավականին վստահ էր խոսում և հստակ: Կարելի է ասել, որ պաշտոնական մակարդակում փարատվեցին բոլոր մտավախությունները: Ուշագրավ էր, որ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի դիրքորոշման համար, այնինչ Ռուսաստանի դիրքորոշումը հենց այդպիսին էլ պետք է լիներ:

Բայց Փաշինյանը երևի թե նկատի ուներ այն, որ տեղի չունեցավ այն, ինչ Ուկրաինայի դեպքում, երբ ՌԴ իշխանությունները մեծ սխալ գործեցին՝ պաշտպանելով հեռացող նախագահ Յանուկովիչին, միջամտելով և կտրուկ դիրքորոշում հայտնելով: Կարելի է ասել, որ այսօր այս հաջողված հանդիպումը կայացավ, քանի որ Ռուսաստանն անցել է ուկրաինական պատերազմով և որոշ դասեր է քաղել:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կորցնի Հայաստանին՝ որպես կարևոր գործընկեր, Ռուսաստանը պետք է աշխատի բոլոր իշխանությունների հետ և ցանկացած իշխանության հետ: Ավելին՝ ես գտնում եմ, որ ՌԴ իշխանությունները պետք է համագործակցություն ունենան ողջ քաղաքական դաշտի հետ, այդ պարագայում երկրի ներքին զարգացումները չեն լինի անակնկալ և կանխատեսելի կլինեն ՌԴ ղեկավարության համար:

Այս հեղափոխությունն անակնկալ էր ՌԴ ղեկավարության համար, ՌԴ ղեկավարությունը գիտեր, որ կան դժգոհություններ, բայց տեղյակ չէր այն ներուժին, որը կա քաղաքական դաշտի ոչ իշխանական օղակներում: Ուստի սա ևս պետք է հաշվի առնվի ռուսական քաղաքականության մեջ»,- ասաց Լուկիանովը:

Անդրադառնալով փակ դռների ետևում վարված բանակցություններին` Լուկիանովն ասաց, թե չի կարծում, որ Փաշինյանն առաջին իսկ հանդիպմանը Պուտինի հետ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների թեմայով հարցեր է արծարծել:

Նրա կարծիքով՝ այս հանդիպմանը ղեկավարները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ, «շոշափելու» տրամադրությունները:

«Ի վերջո, սա ՌԴ նախագահի համար ևս սովորական իրավիճակ չէր` հեղափոխությունից օրեր անց հանդիպել հեղափոխության ղեկավարի հետ, որը վարչապետ է ընտրվել: Սա, կարծում եմ, տրամադրություններ հասկանալու և ճանաչելու հանդիպում էր: Վստահ եմ՝ փակ դռների ետևում քննարկվել է հեղափոխությունը, երկրում առկա տրամադրությունները, դրանց պատճառները, և այլն, և այլն: Կարծում եմ` խնդիրներն ամենայն հավանականությամբ շրջանցվել են»,- ասաց Լուկիանովը:

Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետ և քաղաքագետ Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ առանձնահատուկ ոչինչ չարձանագրվեց այդ հանդիպումներում:

«Կարևոր արձանագրումն այն է, որ Հայաստանի եվրասիական գործընկերները ճանաչեցին ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացները, ընդունեցին Փաշինյանին՝ որպես վարչապետ: Սակայն այս թեմայով մանիպուլյացիաները շատ էին:

Կարևոր էր, որ ջարդվեց այն միֆը, որ Ռուսաստանը միջամտում է, թույլ չի տալիս, որ գունավոր հեղափոխություններին ՀԱՊԿ ուժերն են միջամտում, և այլն, և այլն: Իրականությունը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական ուժերը ժողովրդի հետ որոշեցին քաղաքական ապագան, որի հետ նախագահ Պուտինը հաշվի է նստում»,- ասաց Ֆելգենգաուերը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՌԴ իշխանությունները հրաժարվեն Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունից, եթե Փաշինյանն այդ հարցը բարձրացնի Պուտինի հետ հանդիպմանը, քանի որ դա հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիր է համարում, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ այդ հարցում արդեն որոշ հանգամանքներ փոխվել են ապրիլյան պատերազմից հետո:

«ՌԴ պաշտոնյաները բացեիբաց հայտարարում են, որ սխալներ են գործել և այսուհետ այլ կերպ պետք է զենքի քաղաքականությունը Հարավային Կովկասում վարվի: Երևի թե կկրճատվեն ծավալները, կամ էլ այլևս կարիք չի լինի, որ Ադրբեջանը սպառազինություն ձեռք բերի:

Այնուամենայնիվ, ՀՀ-ի կողմից այս հարցի բարձրացումը որոշիչ չի եղել, քանի որ կապ ունի Ռուսաստանի ավելի լայն քաղաքականության հետ, բայց այդ դիրքորոշումը հաշվի առնվել է, քանի որ դրա հետևանքները մենք տեսել ենք»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նա շեշտեց, թե իրեն հայտնի չէ` ինչպես կգործեն ՌԴ իշխանություններն այսուհետ: «Հուսով եմ` հայկական կողմի մտահոգությունները հաշվի կառնվեն և կհարգվեն: Կան դրանց հիմքերը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս