Բաժիններ՝

Համբարձում. ևս մեկ քայլ դեպի երկնային արքայություն

Ո՞րն է քրիստոնյայի ճանապարհի սկիզբը կամ վերջը։ Ինչպե՞ս են դառնում քրիստոնյա, հասկանում իրենց առաքելությունը։ Կյանքը բազմաթիվ ճանապարհներ է առաջարկում։ Շատերն ասում են, որ այդ ճանապարհին հարկավոր է նմանվել Քրիստոսին, լինել ինչպես Քրիստոս, Ով ասաց․ «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»։

Քրիստոս եկավ աշխարհ՝ ցույց տալու քրիստոնյայի մաքրագործման և Աստծո հետ վերամիավորման ճանապարհը, որն ունեցավ մի քանի կարևոր հանգրվան․ ծնունդ, մկրտություն, խաչելություն, մահ և հարություն։ Սակայն սրանով ամեն ինչ չավարտվեց. կար ևս մեկ կարևոր տնօրինական խորհուրդ՝ համբարձում։

Հարությունից հետո՝ Քրիստոս 40-օր շարունակ երևաց աշակերտներին՝ նրանց հաստատելով իրենց առաքելության մեջ, ինչպես նշված է Գործք առաքելոցում. «Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով՝ քառասուն օրերի ընթացքում խոսելով Աստուծո արքայության մասին» (Գործք. 1:3-4): Այնուհետև 40-րդ օրը, նրանց հետ Ձիթենյաց լեռը բարձրացավ, վերջին պատգամները տվեց սիրելի աշակերտներին և լեռան գագաթից համբարձվեց երկինք: Շուտով մի լուսավոր ամպ իջավ և ծածկեց Նրան առաքյալների տեսողությունից:

Համբարձման տոնը կատարվում է Հարությունից քառասուն օր անց: Այս տարի այն նշվում է մայիսի 10-ին։

Համբառնալով՝ երկինք բարձրանալով, սակայն, Քրիստոս չհեռացավ մարդուց։ Նա պատգամեց․ «Նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ վերևից զորություն ստանաք»:

Նրա հեռանալը չէր նշանակում անվերադարձ մի իրողություն․ «Եվ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երևայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մատթ. 24։30):

Բացի եկեղեցական խորհուրդից այս տոնը հարուստ է նաև ժողովրդական սովորություններով։ Համբարձումից հետո ակնկալվում է ցանված բերքի աճն ու փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտերը և երգ-պարով, ուրախություններով «սիրաշահում» Մայր բնությանը: Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործը, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ակնկալում հատուցում:

Տոնին նախորդող չորեքշաբթի օրը կանայք «Ծազկամոր կիրակի» էին պահում` խուսափում էին որոշ աշխատանքներից՝ ի պատիվ «Ծաղկամոր», որպեսզի նա իրենց երեխաներին զերծ պահեր «ծաղիկ» և «կարմրուկ» հիվանդություններից: Վանեցիների մոտ այն կոչվում էր «Ծաղկամուտ»: Այդ նույն օրը, վաղ առավոտյան, սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր «Վիճակ»:
«Վիճակը» կապված էր նաև Քրիստոսի համբարձվելուց հետո առաքյալների կողմից Հուդայի փոխարեն վիճակահանությամբ նոր աշակերտ ընտրելու ավանդության հետ (Գործք Առաքելոց 1:26):

Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Ծաղիկներից բացի նրանք փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծառից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար:

Այդ օրը ծաղիկներով զարդարում էին գառան, կաթնատու կովի, եզան պարանոցը և պտտեցնում գյուղում: Իսկ իբրև մատաղ և տոնական ուտեստ՝ կաթնով ու բանջար էր եփվում: Կաթնովը բաժանվում էր հարևաններին, բարեկամներին, անցորդներին, այն շաղ էին տալիս արտերում ու այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը՝ առատ:

Վիճակ, Համբարձում, տարբեր անուններ կարելի է տալ այս տոնին, սակայն կարևորն այն գիտակցությունն է, որ այսօր Աստված ոչ թե հեռացավ մարդուց, այլ ցույց տվեց այն ճանապարհի սկիզբը, որով անցնելով՝ նա կարժանանա երկնային արքայությանը։

Հասմիկ Թամամյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս