Բաժիններ՝

«Զոն նայողը» պարբերաբար կաշառք է տվել ՔԿՀ պաշտոնյաների

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կաշառք ստանալու և կաշառք տալու հանցավոր շղթայում ներգրավված է ևս մեկ` այսպես կոչված «զոն նայող»` Թամազ Ֆերոյանը, որը, 2015 թվականից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող Արկադի Պապյանի հետ պարբերաբար տարբեր չափերի կաշառք են տվել ՔԿՀ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց:

Այսպես, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Թամազ Ֆերոյանն ու մեկ այլ «զոն նայող»` Արկադի Պապյանը, Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Իրենց հանցավոր նպատակներն իրագործելու համար «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքում իրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը` 2.750.000 ՀՀ դրամը, տվել են ՔԿՀ-ի պետին:

Կաշառքի դիմաց Թ. Ֆերոյանին և Ա. Պապյանին, ինչպես նաև նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալներին տրվել են տարբեր արտոնություններ. քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալները զբաղվել են թղթախաղով, որոշ դեպքերում Թ. Ֆերոյանի պահանջով դատապարտյալներին և կալանավորված անձանց այլ խցերից տեղափոխել են վերջինիս խուց: Դատապարտյալները հնարավորություն են ստացել ազատ տեղաշարժվել փակ ռեժիմային գոտում, օգտագործել ալկոհոլ ու թմրամիջոցներ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերոմ կրել են ձևական բնույթ:

Բացի ՔԿՀ-ի պետից, Թ. Ֆերոյանը պարբերաբար կաշառք է տվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Ա. Թումանյանին, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Ղարաքիշյանին, օպերատիվ բաժնի պետ Ռ. Կիրակոսյանին ու գլխավոր մասնագետ Վ. Ամիրխանյանին: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ Թ. Ֆերոյանը պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի հերթապահ խմբի բոլոր պատասխանատու հերթապահներին և անվտանգության ապահովման բաժնի մասնագետին, ովքեր դրա դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ և այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու և դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում ուղղորդված թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Թամազ Ֆերոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /9 դրվագ/:

Թ. Ֆերոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս