Հրատապ դիմում բոլոր սփյուռքահայերին և ընկերներին
Ինչպես բոլորդ հետևում էիք Հայաստանում ընթացող նորություններին ու զարգացումներին, 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ ընթացավ հարկադիր միջոցների կիրառմամբ` փշալարերով շրջապատված և ոստիկանության ծանրակշիռ ներկայությամբ, չնայած նրա և իր կոռումպացված ու օլիգաիխիկ վարչակարգի դեմ հազարավոր խաղաղ ցուցարարների աճող ազգային ընդվզմանը:
Այդուհետ խաղաղ ցուցարարների թիվն օրըստօրե աճեց, միանալով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների հայտարարած համազգային քաղաքացիական անհնազանդությանը, այժմ միայն Երևանի Հանրապետության հրապարակում նրանց թիվը 60000-ից ավելի է:
Սկիզբ առնելով Երևանում, բողոքի ցույցերը, որոնց օրեցօր ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվում, տարածվեցին, հասնելով Հայաստանի բոլոր մարզերն ու ամենամարդաշատ քաղաքները: Ուսանողներն ու երիտասարդներն իրենց հերթին նախաձեռնություն ցուցաբերեցին բողոքի իրենց ձայնը բարձրացնել` փակելով փողոցներն ու շարունակաբար երթի դուրս գալով` պայքարելու հանուն իրենց ազատությունների և հանուն օլիգարխներից, անարդարությունից ու կոռուպցիայից զերծ ավելի լավ Հայաստանի իրենց իրավունքի:
Հիմնական մտահոգությունն այն է, որ Սերժ Սարգսյանի` որպես երկրի ղեկավարի երրորդ և հավանաբար ցմահ պաշտոնավարման հետևանքով Հայաստանը կմնա բռնապետության հարատև ճիրաններում:
Այժմ պահն է միանալու ի աջակցություն Հայաստանում կատարվող աննախադեպ փոփոխության: Մարդիկ առավել քան երբևէ, ձեր` Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցության կարիքն ունեն, որպեսզի ի զորու լինեն պայքարելու այս վարչակարգի դեմ և առանց բռնության և արյունահեղության վերականգնելու ժողովրդավարական գործընթացները:
Վերջերս, Սերժ Սարգսյանը հանդիպեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բանակցելու նպատակով` լրատվամիջոցների ներկայությամբ: Սարգսյանն ակնհայտորեն մերժեց հրաժարական տալ, որը ցուցարարների կողմից առաջադրված պայմաններից մեկն է:
Ավելին, Սարգսյանը հիշատակեց 2018 թ. մարտի մեկը, որով նա ակնարկում է սպառնալ խաղաղ բնակչությանը, որ իր վարչակարգը պատրաստ է ևս մեկ անգամ բռնություն և բիրտ ուժ կիրառել` ընդվզումը ցրելու և իր իշխանությունը պահելու նպատակով:
Վերջին 10 օրվա ընթացքում բազմահազար մարդիկ են դուրս եկել փողոց խաղաղ ցույցի` բողոքելով կոռումպացված վարչակարգի դեմ: Ավելի քան 850 մարդ ապօրինի բերման է ենթակվել և ձերբակալվել: Ոստիկանությունը անhամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, բռնարարքներ գործադրում` ծեծում և բերման ենթարկում անգամ անչափահասների, վախ ու սպառնալիք տարածելով ամենուր:
Հայաստանի հանրապետական կուսակցության օլիգարխ անդամները, որոնք աջակցում են Սերժ Սարգսյանին, իրենց հրոսակախմբերն են ուղարկում մարդկանց փողոցներում ծեծելու և վայրագություններ կատարելու` ստեղծելով վախի և քաոսի մթնոլորտ: Ապրիլի 21-ին ու 22-ին ոստիկանությունը սկսեց խաղաղ հավաքների կազմակերպիչների ձերբակալությունները, ձերբակալվել են նաև Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ևս երկու պատգամավոր, որոնք Սահմանադրության համաձայն անձեռնմխելի են:
Որքան ավելի լայնատարած ու ինտենսիվ է դառնում քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը, այդքան ավելի շատ է Սարգսյանի վարչակարգը ճնշում ցուցարաներին ոստիկանության աճող կոպիտ ուժով և կազմակերպված հանցախմբերի օգտագործմամբ:
Ձեր աջակցությունն օրհասական է այս հանգրվանին և կարող է օգնել կանխելու բիրտ հարձակումները խաղաղ ցուցարարների դեմ, որոնք քաղաքացիական անհնազանդություն են ցուցաբերում իրենց նպատակներին հասնելու համար: Բոլորս, ովքեր Հայաստանում պայքարում ենք հանուն ժողովրդավար երկրի և հանուն արդարության, հորդորում ենք Սփյուռքի տարբեր երկրների մեր հայրենակիցներին
միանալ պայքարին` ձեր երկրներում համերաշխության բողոքներ անցկացնելով Հայաստանի դեսպանությունների դիմաց,
նամակներ հղել ՀՀ նախագահին,
տեղեկացնել և համախմբել միջազգային հանրությանը,
ներգրավել Սփյուռքի հանրաճանաչ գործիչներին,
նախաձեռնել այլ խաղաղ ակցիաներ, որ կարող է աջակցել ժողովրդի պայքարին
Կարող ենք բռնությունը միասին կանխել և Հայաստանը ձեր կարիքն ունի հիմա՛:
Հայաստանի ազատ և անկախ քաղաքացիները ձե՛ր կարիքն ունեն ժողովրդավարության իրենց պայքարում:
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (բաց է ստորագրության համար)
1. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
2. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
4. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
5. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
6. «Մենք» երիտասարդական ՀԿ
7. «Երիտասարդությունը հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
8. Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ
9. Իրավունքի ուժ իրավապաշտպան ՀԿ
10. «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
11. Հանրային լրագրության ակումբ
12. «Լոռե էկո» ակումբ ՀԿ
13. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
14. «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
15. «Վելես» իրավապաշտպան ՀԿ
16. ԳԱԼԱ հեռուստաստուդիա
17. «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա
18. Հյուման Ռայթս Հաուս Երևան
19. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
20. Թուֆենկյան հիմնադրամ
21. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
22. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
23. «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
24. Վորլդ Վիժն Հայաստան
25. ««Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ
26. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ