«ԵՄ երկրները ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլում են, և որոշ երկրներ ՀՀ-ում իշխանության հրահրած խնդիրների դեպքում կարող են խափանել համաձայնագրի վերջնական վավերացումը». Եվրոպացի փորձագետ

«Եվրոպան ուշի ուշով հետևում է Երևանում ծավալվող զարգացումներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին և եվրոպական պաշտոնյաների` Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուն ուղղված շնորհավորանքին:

Հիշեցնենք, որ նախօրեին` վարչապետի ընտրություններից չորս օր անց, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ հղեցին Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նրանք նշել են.

«Ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններն ամրապնդվել են 2017 թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և անցած փետրվարին ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի ստորագրմամբ:

Ակնկալում ենք շարունակել Ձեզ հետ համագործակցությունը Ձեր նոր պաշտոնում, մասնավորապես՝ նոր Համաձայնագրի իրականացման, ներառյալ՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս համատեքստում, մենք հավատացած ենք, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն հարգելու քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենսդրությանը համապատասխան:

Կարդացեք նաև

Վերջում, մենք ապավինում ենք Ձեր շարունակական դրական ներգրավվածությանն Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև մեր ընդհանուր ջանքերին՝ միտված անվտանգության, կայունության, ժողովրդավարության և բարեկեցության ամրապնդմանը Հայաստանում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում»,- ասված էր նրանց շնորհավորական խոսքում:

Հարցին, թե Յունկերի և Տուսկի շնորհավորանքը կարելի՞ է ընկալել՝ որպես ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերին Եվրոպայի աջակցությունը, որը հայաստանյան դրամատիկ իրադարձությունների ֆոնին կարևորվում է,  եվրոպացի վերլուծաբանն ասաց, որ այդ շնորհավորանքը պետք չէ դիտարկել՝ որպես աջակցություն, քանի որ սա դիվանագիտական անհրաժեշտություն է, և շատ քիչ դեպքերում եվրոպացի պաշտոնյաները շնորհավորանք չեն հղում:

Այնուամենայնիվ, Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Յունկերն ու Տուսկը ՀՀ վարչապետին շնորհավորեցին մի փոքր ուշ, որով փորձեցին իրենց դիրքորոշումը հստակեցնել: Ըստ նրա, Եվրամիությունն իր տեսակետը դիվանագիտական խողովակներով կամ փակ բանակցությունների ընթացքում միանշանակ հայտարարել է: Բնականաբար, փորձագետի խոսքով, Եվրոպան ոգևորված չի կարող լինել, երբ ՀՀ նախկին նախագահը և ներկայիս վարչապետը խախտեց իր խոստումը՝ առաջադրվելով վարչապետական ընտրություններում:

«Բնականաբար, սա անհանգստացնում է Եվրոպային, որոշ հարցեր են առաջանում: Բայց կարծում եմ՝ ավելի մտահոգիչ է Հայաստանում ստեղծված իրավիճակը, որի ուղղությամբ ՀՀ իշխանությունների քայլերը կլինեն որոշիչ եվրոպացի պաշտոնյաների համար: Բնականաբար, ուժի կիրառման միջոցով հարցերի լուծումը մեծ հարված կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ դեռևս չներդրված համաձայնագրի, Հայաստանին ուղղվող եվրոպական ֆինանսավորումների, վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկի և մի շարք այլ ճյուղերի համար»,- նման տեսակետ հայտնեց Կոնրադ Զաշտովտը:

Լեհ քաղաքագետի խոսքով՝ շնորհավորանքի տեքստից պարզ է դառնում, թե այդ շնորհավորանքում ի՞նչն է կարևորվում:

«Շնորհավորանքում շեշտվում է հավաքների ազատության իրավունքը և, ըստ էության, պահանջ է հնչում, որ պետք է հարգվի այդ պահանջը: Եվրոպան ուշի ուշով հետևում է Երևանում ծավալվող զարգացումներին, եթե քաղաքացիների իրավունքները սահմանափակվեն կամ, առավել ևս, ուժ կիրառվի, դրանք լուրջ հետևանքներ կունենան հայ-եվրոպական հարաբերությունների վրա: Եթե այս հավաքներն ավարտվեն առանց բռնության կամ համաձայնությամբ, հետևանքներ չեն լինի, իսկ համաձայնության դեպքում, կարծում եմ, Եվրոպան կողջունի միայն, քանի որ ժողովրդավարական գործընթացների կողմնակից է: Քաղաքացիները պետք է կարողանան իրացնել իրենց իրավունքները խաղաղ, եթե այդ ամենը խաղաղ բնույթ չի կրում, ուժային կառույցները պետք է ապահովեն երկրի անվտանգությունը»,- ասաց Զաշտովտը:

Լեհ քաղաքագետն ասաց, որ կոնկրետ լծակներ և գործիքներ չունի Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ, բայց դիրքորոշում հայտնելու ձևերը շատ են:

«ԵՄ երկրները ներկայումս ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլում են, և որոշ երկրներ ՀՀ-ում իշխանության հրահրած խնդիրների դեպքում կարող են խափանել համաձայնագրի վերջնական վավերացումը: Կան լուրջ եվրոպական ծրագրեր Հայաստանում, որոնք ֆինանսավորվում են: Այսինքն` գուցե առաջանան խնդիրներ, առավել ևս, երբ ԵՄ-ում կան երկրներ, որոնք դեմ են Արևելյան գործընկերություն ծրագրին և ԱլԳ երկրներին աջակցելուն՝ հատկապես ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ներկայիս խնդիրների դեպքում: Այդ երկրները հարմար առիթ են փնտրում ճնշում գործադրելու և այդ համագործակցությունների ծավալները կրճատելու համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս