«Անակնկալ» ուղղություններով գործողություններ անելու հայտարարությունները վտանգ են պարունակում քաղաքացիների համար. ոստիկանություն
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին ևս շարունակել է անօրինական, օրենքով սահմանված կարգով արգելված հավաքի իրականացումը:
Առավոտյան հավաքի կազմակերպիչները, վտանգելով հավաքի մասնակիցների անվտանգությունը՝ առանց երթուղու մասին հայտարարելու, քաղաքացիներին վազքով առաջնորդել են Բաղրամյան պողոտայով ՀՀ վարչապետի նստավայր, իսկ հետո մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված պահպանվող այլ օբյեկտների՝ պետական մարմինների շենքեր՝ արգելափակելով դռները, ավելի վաղ կոչ անելով խմբերով մտնել ներս:
Նշվածը անխուսափելիորեն հանգեցրել է իրավախախտ անձանց բերման և վարչական պատասխանատվության ենթարկելուն:
Առանց համապատասխան թույլտվության պահպանվող օբյեկտներ մուտք գործելը կամ այդպիսի գործողություններից ձեռնպահ մնալու պահանջին չենթարկվելն առաջ է բերելու համաչափ իրավական ներգործության միջոցների ձեռնարկում:
Նման հակաօրինական վարքագիծն առավել մեծ վտանգներ է պարունակում հատկապես հավաքին անչափահասների մասնակցության պայմաններում:
Հարկ է նշել, որ պետական կառավարման մարմինների շենքերը հանդիսանում են պահպանվող օբյեկտներ, որոնց անվտանգությունն ապահովող իրավապահ մարմինների աշխատակիցների պարտականությունն է պաշտպանել օբյեկտները՝ դրանց վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս ընդհուպ հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք կիրառելով:
«Անակնկալ» ուղղություններով գործողություններ կատարելու վերաբերյալ հավաքի կազմակերպչի հայտարարությունները լուրջ վտանգ են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության, հասարակական անվտանգության համար՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը:
Կոչ ենք անում քաղաքացիներին, հավաքին մասնակցող անչափահասներին, նրանց ծնողներին ցուցաբերել զգոնություն, չտրվել ակնհայտ ապօրինի գործողությունների դիմելու վերաբերյալ հավաքի կազմակերպչի, այսպես կոչված, «անակնկալ» սադրանքներին:
ՀՀ ոստիկանություն