
«Մենք արյուն շատ ենք տեսել, շա~տ». Սերժ Սարգսյանը «Ելքին» հորդորեց իրենց գործընկերոջը փողոցից բերել խորհրդարան

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ որպես քաղաքական կոալիցիա լուրջ պատասխանատվություն են ստանձնել, գիտակցում են դրա մասշտաբները և համադրված հետևողական աշխատանքով պատրաստ են առաջ գնալ հայրենիքի զարգացման և ժողովրդի համար ավելի որակյալ կյանքի պայմաններ ապահովելու ճանապարհով:
Նա շնորհակալություն հայտնեց «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցություններին: «Ելքի» ներկա անդամներին նա 3 խորհուրդ տվեց` ձերբազատվել ՀՀ ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից, առաջնորդվել պառլամենտարիզմի կանոններով, և բոլոր ջանքերը գործադրել իրենց գործընկերոջը փողոցից խորհրդարան բերելու համար, որը կլինի նրանց մեծագույն վաստակը:
«Երբեք որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, շա~տ: Բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան և ԱԺ շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրնենքեր գրեն, դա ձեր մոտեցումներն են, դա ձեր պատկերացումներն են, եթե ոչ, դուք հակառակ կողմում պետք է լինեք, դուք պետք է լինեք օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք՝ քանի մարդ է մասնակցում ցույցերին: Բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ո՛չ պարտադրանք, ո՛չ դատավաճիռ և ո՛չ էլ մեղադրանք»,- ասաց Ս.Սարգսյանը: