Հավաքի մասնակիցները փակ են պահում Երևանի Ֆրանսիայի հրապարակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները փակ են պահում Ֆրանսիայի հրապարակը և հարակից ճանապարհների խաչմերուկը։ Նրանցից ոմանք լույս ապրիլի 15-ի գիշերն անցկացրել են Ֆրանսիայի հրապարակում։ Այդտեղ են բերվել վրաններ, հարակից փողոցներից՝ նստարաններ և աղբամաններ։

Ժամը 14։00-ին կայացել է սակավամարդ հանրահավաք, որին ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր այն հանգամանքին, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը նյութեր նախապատրաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երևանի պետական համալսարանի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ: «Մենք որևէ մարդու նկատմամբ բռնություն չենք գործադրել և չենք գործադրելու»,- նշեց Փաշինյանը։

Նախատեսվում է, որ ապրիլի 15-ին, ժամը 18։30-ին կկայանա ևս մեկ հանրահավաք։

Տեսանյութեր

Լրահոս