Սիրիայում ռուս-ամերիկյան բախման հայաստանյան մարտահրավերները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր թվիթերյան խոստումը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատժեցին Սիրիայի կառավարությանը՝ Արևելյան Գուտայի Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար, որը հարյուրավոր կյանքեր էր խլել։

Վաշինգտոնի ժամանակով 21.00-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ժողովրդին ուղղված հայտարարությանը զուգահեռ, կոալիցիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ սկսեց արձակել ավելի քան 100 թևավոր և օդ-երկիր դասի հրթիռ։ Սիրիայի կառավարական ուժերի պնդմամբ, հաջողվել է որսալ 13 հրթիռ, որոնք խոցվել են առանց թիրախներին հասնելու։

ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը նշել էր, որ հարվածները հասցրել են երեք թիրախի, որոնք կապ ունեն քիմիական զենք արտադրելու ծրագրի հետ: ԱՄՆ-ի առաջին հարվածը եղել է հետազոտական կենտրոնի ուղղությամբ, երկրորդը, ինչպես հայտարարում է ԱՄՆ-ը, քիմիական զենքի պահեստի ուղղությամբ։ Կորուստների վերաբերյալ տեղեկատվություն դեռ չի հաղորդվում։ Սիրիայում արևմտյան ռազմական գործողությունից հետո ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ է հրավիրել՝ քննարկելու, ռուսական կողմի պնդմամբ, ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները Սիրիայի և Սիրիայի գործընկերների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, իր հերթին՝ կոչ էր արել ԱՄՆ-ին՝ ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում, քանի որ լուրջ հետևաքներ կլինեն, եթե Ռուսաստանի քաղաքացիներ մահանան արևմտյան ռազմական գործողության հետևանքով։

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրման նոր ալիքը լի է մարտահրավերներով նաև Հայաստանի համար՝ ոչ միայն այն պատճառով, որ Սիրիայում որոշակիորեն պահպանված հայ համայնք կա, ռազմական գործողությունների գոտին հեռու չէ Հարավային Կովկասից, այլև այն պատճառով, որ այս հակամարտությունում Հայաստանի չեզոքության պահպանումը՝ թե քաղաքական, թե ռազմական, կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, հաշվի առնելով Հայաստանի բարդ հարևանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև հանգամանքը, որ Հայաստանը կարող է դառնալ ԻՊ-ի թիրախ, որի շարքերում մեծ թվով ադրբեջանցիներ կան։

Հայաստանի այս ցանկությունը ներկայումս, երբ Ռուսաստանը չի բացառվում, որ ցանկանա ընդլայնել իր աջակիցների ցանկը, խնդրահարույց կարող է լինել հայկական կողմի համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը։ Ի դեպ, ամիսներ առաջ Ռուսաստանի ՊՆ-ի միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Նովիկովը հայտարարել էր, թե Հայաստանը և Սերբիան պատրաստ են միանալ Սիրիայի տարածքի ականազերծման միջազգային կոալիցիային, թեև այս հարցը կարծես առայժմ առկախված վիճակում է։ Սակայն ռուս ռազմական գործչի հայտնած այս տեղեկությունը լուրջ բողոքներ էր բարձրացրել Հայաստանում։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ չնայած Ռուսաստանի ցանկությանը, ՀԱՊԿ-ն այդքան էլ միատարր կառույց չէ, և ոչ միշտ են ՀԱՊԿ առանձին երկրների շահերը, անվտանգության մարտահրավերները մյուս երկրների համար ևս դիտարկվում՝ որպես նույնպիսի մարտահրավերներ։

Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումները շատ-շատ են լինում, քանի որ նախ՝ դա ՀԱՊԿ իրավասությունների գոտուց դուրս է, և Ղազախստանն ու Բելառուսն այս հակամարտության հարցում իրենց վերապահումներն ունեն, որոնք պայմանավորված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններով։ Եվսեևի խոսքով՝ հենց այս տարաձայնություններն են պատճառը, որ հայ-ադրբեջանական սահմանին ոտնձգությունների դեպքում ՀԱՊԿ միասնական կարծիքի ձևակերպումը բարդանում է։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրների շարքում ամենամեծ անվտանգության խնդիրներ ունեցող երկիրն է, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Վստահ եմ, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ում բարձրացրել է Սիրիայում ռուսական ուժերին աջակցելու հարցը, բայց, ամենայն հավանականությամբ, որևէ մեկը նման պատասխանատվություն ստանձնելու համարձակություն չի ունեցել։ Հայաստանի դեպքում նման դիրքորոշումը հասկանալի կլինի՝ հաշվի առնելով հակամարտությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- նման տեսակետ հայտնեց Եվսեևը։

Վերջինիս կարծիքով՝ ՌԴ-Արևմուտք հակամարտությունը Սիրիայում չի հասնի լարման այնպիսի մակարդակի, որ Ռուսաստանը կարիք ունենա ընդլայնել իր ռազմական կոալիցիան։ Թեև, նրա խոսքով, լիովին բացառել սրման սցենարը հնարավոր չէ։ Սակայն, ռազմական վերլուծաբանի խոսքով, այդ ընդլայնումը Հայաստանի ուղղությամբ չի ընթանա, քանի որ դա հավելյալ անվտանգային խնդիր կարող է նշանակել Հայաստանի համար, որին Ռուսաստանը չի գնա։

«Այնուամենայնիվ, Հայաստանը նման ցանկության ունենալու դեպքում կարող է պաշտպանել իր իրավունքները, ներկայումս Ռուսաստանը Սիրիայում ունի միայն կառավարական ուժերի կարիք, և 2015 թվականից իրականացնում է արդյունավետ ռազմական օպերացիա այդ ուժերի հետ համատեղ, կարծում եմ՝ նման հարց դրված չէ»,- ասաց ռազմական փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս