Հայաստանի Ժուռնալիստների միությունը և Մոսկվայի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը կնքել են համագործակցության պայմանագիր
Մոսկվայի՝ Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարտանովան և Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Վարդան Ալոյանն այսօր կնքել են համագործակցության պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կողմերը նպատակ ունեն Հայաստանի տարածքում իրականացնել համատեղ միջոցառումներ, հանդիպումներ, համաժողովներ, վարպետության դասընթացներ, և այլն:
Ելենա Վարտանովան նշում է, որ իրենց համար շատ կարևոր է հատկապես Հայաստանի հետ համագործակցությունը.
«Հիմա շատ կարևոր է ընդարձակել ինֆորմացիոն տարածքները, զարգացնել թվային տեխնոլոգիաները, և սա՝ հատկապես Հայաստանում: Հայաստանն ունի շատ հին մշակութային ավանդույթներ, շատ հին պատմություն, բայց միշտ զարգանում է և նայում է դեպի ապագան: Դրա համար շատ կարևոր է նպաստել պրոֆեսիոնալների մեդիահասարակությանը, ովքեր կմիավորեն ավանդույթները և ժամանակակից տենդենցները: Նրանք պետք է կարողանան հասկանալ թե՛ ազգային խնդիրները, թե՛ գլոբալ հարցերը, աշխատել հասարակությանն օգտակար լինելու ուղղությամբ և օգնել երկրին դժվար պահերում, իսկ այսօր Հայաստանի համար միշտ չէ, որ հեշտ է լինում: Հաղորդակցության ժամանակակից, ինֆորմացիոն, տեխնոլոգիական միջոցները և պրոֆեսիոնալ մասնագետները շատ պետք են երկրին»:
Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում արդեն երեք տարի գործում է ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ըստ Ելենա Վարտանովայի՝ լավ կլինի, եթե իրենք և իրենց հայ գործընկերներն ակտիվորեն քննարկեն կրթական ծրագրերը: Այս միջոցով համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ: Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի Կրթական հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Ժան Բաղիյանը նշում է, որ հանդիպումների և քննարկումների գաղափարը շատ արդյունավետ կարող է լինել: «Այն պետք է իրականացնեն համալսարանի երևանյան մասնաճյուղը և Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ հրավիրելով բոլոր հետաքրքրված կողմերին»:
«Լրագրության ստանդարտները շատ տարբեր են և ամեն տեղ գործում են յուրահատուկ կերպով: Դրա համար Հայաստանում մենք կարիք ունենք քննարկումների միջոցով հասկանալ ճիշտ մոտեցումները և ստանդարտները, քանի որ դրանք պետք է համապատասխանեն բազային մոտեցումներին»,- նշում է Ելենա Վարտանովան:
Ըստ նրա՝ այժմ Հայաստանում՝ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղում, աշխատում են հիմնականում ռուս մասնագետներ, սակայն իրենց համար շատ կարևոր են նաև հայ մասնագետների հետ հանդիպումները, փորձի փոխանակումն ու համատեղ աշխատանքը:
Ըստ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Վարդան Ալոյանի՝ Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում աշխատում են շատ պրոֆեսիոնալ դասախոսներ, ովքեր կարող են ուղղություններ ցույց տալ արդեն գործող երիտասարդ լրագրողներին:
«Մեզ հատապես հետաքրքրում են այն դասախոսները, ովքեր մասնագիտացած են նոր տեխնոլոգիաների ոլորտում: Առհասարակ, որքան տարբեր փորձեր մենք ընդօրինակենք, սովորենք ու կիրառենք, այդքան դա օգուտ կտա մեր ժուռնալիստիկային: Սա Ժուռնալիստների միության նպատակներից է՝ օգնել երիտասարդ լրագրողներին և բարձրացնել լրագրության ոլորտի պրոֆեսիոնալ հմտությունների որակը»,- նշում է Վարդան Ալոյանը:
Սիրարփի Աղաբաբյան