Ժակ Շիրակի դուստրը հոր հին կոստյումները տվել է միգրանտներին
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դուստրը՝ Կլոդը, հոր հին կոստյումները եւ սվիտերները տվել է միգրանտներին օգնելու համար: Այդ մասին հայտնել է L՚Obs հանդեսը:
Կլոդի բարի արարքի մասին հանդեսին պատմել է լուսանկարիչ Յան Արտյուս-Բերտրանը: Ձմռանը, երբ Ֆրանսիայում վրա էին հասել ցրտերը, նրան զանգահարել էր միանձնուհի Մարի-Ժոն, որը հոգ է տանում միգրանտների մասին: Կինն ասել է, որ ինքը բավարար քանակությամբ տաք հագուստ չունի, որպեսզի այն բաժանի խնամարկյալներին: «Ես գրեցի Շիրակի ֆոնդին եւ պատասխան ստացա Կլոդ Շիրակից, որն ինձ ասաց. «Ես դրանով կզբաղվեմ, մի անհանգստացիր»,-պատմել է Արտյուս-Բերտրանը:
Մի քանի օրից քույր Մարի-Ժոն եւ մյուս կամավորները տեսան Շիրակի ավտոմեքենան. դրանով բերել էին նախկին նախագահի հին կոստյումներն ու սվիտերները:
«Ըստ իս՝ սքանչելի է, որ նախագահի իրերը կրելու են Պորտ դը լա Շապելի (մետրոյի կայարանի մոտ) փախստականները»,-հավելել է լուսանկարիչը:
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-ից մինչեւ 2007 թվականը: Շիրակի օրոք նախագահական լիազորությունների ժամկետը յոթից կրճատվել է մինչեւ հինգ տարի: Ընդամենը Շիրակը Ելիսեյան պալատում անցկացրել է 12 տարի, այսպիսով՝ նրա նախագահությունը Ֆրանսիայի պատմության մեջ տեւողությամբ երկրորդն է դարձել Ֆրանսուա Միտերանի 14-ամյա կառավարումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: