Թրամփը Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովում ԿԺԴՀ-ից կպահանջի միջուկազերծում մեկ տարվա ընթացքում. The Chosun Ilbo
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի վերջին մանրամասները: Այս մասին The Chosun Ilbo թերթին հայտնել են Վաշինգտոնի իրազեկ աղբյուրներ։ Հրատարակությունը պնդում է, որ Թրամփը ԿԺԴՀ-ից կպահանջի միջուկազերծում հանդիպման անցկացման օրվանից վեց ամսվա կամ մեկ տարվա ընթացքում:
Ամերիկայի ղեկավարը «չի պաշտպանում Փհենյանի հետ «միջուկային գործարքի փուլ առ փուլ եւ սինքրոնացված կատարման գաղափարը», նշում են թերթի աղբյուրները: Մինչդեռ ԿԺԴՀ-ն պնդում է միջուկազերծման հենց քայլ առ քայլ ռեժիմը, քանզի զգուշանում է, որ Սպիտակ տուն նոր վարչակազմի գալուց հետո ԱՄՆ-ը կարող է չեղյալ հայտարարել ԿԺԴՀ-ի հետ նախորդ համաձայնությունները, ասված է հոդվածում: Իր հերթին, «Թրամփը չի վստահում Կիմ Չեն Ընին, ուստիեւ կարող է միջուկային ծրագրից լիակատար, ստուգելի եւ անդառնալի հրաժարում պահանջել մեկ տարվա ընթացքում»:
The Chosun Ilbo-ի տվյալներով՝ Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպման անցկացման ստույգ օրվա եւ վայրի մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ մայիսին կամ հունիսին:
Կորեայի Հանրապետության պատվիրակությունը մարտի 5-ին Փհենյանում հանդիպել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ: Բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների ղեկավարների հանդիպում անցկացնելու շուրջը: Հյուսիսն այդ ժամանակ նաեւ պատրաստակամություն է հայտնել համանման միջոցառում անցկացնել ԱՄՆ-ի նախագահի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: