Amnesty International-ն աշխարհում կայացված մահվան դատավճիռների նվազում է արձանագրել
2017 թվականին աշխարհում կայացված մահվան դատավճիռների թիվը գրեթե 20 տոկոսով նվազել է նախորդ ռեկորդային տարվա համեմատությամբ: Այդ մասին հայտնել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:
«Լավատեսության ավելի շատ առիթներ է տալիս այն, որ 2017 թվականին կայացված մահվան դատավճիռները կրճատվել են մինչեւ 2 591, ինչն զգալիորեն պակաս է 2016 թվականին արձանագրված ռեկորդային 3 117-ից»,- ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում «Մահվան դատավճիռներ եւ մահապատիժներ» ամենամյա զեկույցի հրապարակման առթիվ:
Միեւնույն ժամանակ իրավապաշտպանները հավելում են, որ այդ տվյալները չեն ներառում «մահվան այն հազարավոր դատավճիռներն ու մահապատիժները, որոնք, ինչպես կարծում է Amnesty International-ը, կայացվել եւ ի կատար են ածվել Չինաստանում, որտեղ մահապատժի վերաբերյալ տվյալները նախկինի պես պետական գաղտնիք են»:
Ի կատար ածված մահվան դատավճիռների թիվը նույնպես նվազում է, ընդ որում երկրորդ տարին անընդմեջ: 2017 թվականին Amnesty International-ն արձանագրել է առնվազն 993 մահապատիժ 23 երկրներում՝ 4 տոկոսով պակաս, քան 2016 թվականին (1032 մահապատիժ), եւ 39 տոկոսով պակաս, քան 2015 թվականին (1634, ռեկորդային ցուցանիշ 1989 թվականից ի վեր):
Միեւնույն ժամանակ կազմակերպությունը «տագնապ հարուցող» միտումներ է նշում մահապատիժների կիրառման բնագավառում: Իրավապաշտպանների տվյալներով՝ 15 երկրում մահվան դատավճիռները կայացվել կամ ի կատար են ածվել այն գործերով, որոնք կապված են թմրանյութերի հետ, ինչը, նշում են կազմակերպությունում, միջազգային իրավունքի նորմաների խախտում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: