Բաժիններ՝

«Դրենաժային համակարգը շատ թանկ հաճույք է»

Ինչպե՞ս է հնարավոր վերացնել Գյումրիում գտնվող «Կումայրի» արգելոցի շենք-շինությունների մեծ մասի պատերի խոնավությունը:

Ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ ծրագիրն իրագործելու նպատակով անհրաժեշտ է Գյումրիում դրենաժային համակարգ անցկացնել, ինչը բավական թանկ հաճույք է:

«Արգելոցի տարածքում առկա են մոտ 1200 տարվա և ավելի հին շենքեր:

Ժամանակի հետ կապված (իսկ 100 տարին քիչ ժամանակ չէ), շինությունները վատ վիճակում են հայտնվել: Դրանց մի մասը երկրաշարժին են վնասվել, մի մասը հիմքից քայքայվել են ոչ բարեխիղճ շահագործման հետևանքով, ասենք՝ տանիքը լավ վիճակում չի եղել, անձրևաջրերն են լցվել, և այլն:

Կարդացեք նաև

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ևս մի խնդիր է առաջացել՝ Գյումրիում բարձրացել է գրունտային ջրերի մակարդակը: Այս բոլորը պետք է հատուկ ուսումնասիրվի: Նույնիսկ երկրաշարժից կրած վնասները. Այսինքն՝ շենքի տեխնիկական վիճակը վթարային է, թե չէ, ուսումնասիրված չէ: «Հայպետշինի» մասնագետներն ուզում էին սկսել, բայց չսկսեցին այդ գործը, «Հայնախագիծ» ինստիտուտը եկավ, տեղի Սեյսմիկ ծառայության մասնագետների հետ ուսումնասիրեցին վիճակը, մի 150 շենք էլ մենք մեր միջոցներով ենք ուսումնասիրել:

Այսինքն, նույնիսկ պատկերը, թե ինչպիսին է շենքերի տեխնիկական վիճակը, դեռ չկա:

Սկսվել է գործընթաց, որ այդ շենքերը փրկեն ոչնչացումից կամ ավելի շատ դարձնեն օգտագործման համար հրապուրիչ, ձգող և այլն: Սակայն մինչ այդ պետք է շենքի ընդհանուր պատկերն ունենանք, հետո նոր որոշենք՝ ինչ անել առանձին շենքերի հետ: Հիմա ամեն մի շենքը, որը մասնավորը վերցնում է, ֆինանսներ է ներդնում օգտագործելու համար, այդ գործերն անել է տալիս, իսկ մնացած շենքերի պարագայում չկա այնպիսի ծրագիր, որ բոլորն ուսումնասիրվեն: Այնպես որ, դա ընդհանուր հիմնախնդիր է «Կումայրու» բոլոր շենքերի համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Նազարեթյանը:

Վերջինիս խոսքով՝ շենքերի պատերում խոնավության առկայությունը պայմանավորված է շինությունների տանիքի անսարքության պատճառով անձրևաջրերի լցվելու կամ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետ: Սակայն դրանք, ըստ մասնագետի՝ քիչ նշանակություն ունեն՝ այն վնասների համեմատ, որոնք կրել են շենքերը երկրաշարժի պատճառով:

«Դրենաժային համակարգը միակ միջոցն է գրունտային ջրերի մակարդակն իջեցնելու համար, սակայն շատ թանկ հաճույք է, քանի որ ամբողջ քաղաքի միջով ջուրը պետք է գնա, մի տեղ թափվի, որ գրունտային ջրերի մակարդակը մեխանիկորեն իջնի: Դա մեծ ծախսեր է պահանջում: Այսօրվա Գյումրու բյուջեի բանը չէ»,- համոզմունք է հայտնում Ս.Նազարեթյանը:

Ըստ Ս.Նազարեթյանի՝ անմխիթար է նաև Գյումրու 50-ամյա կամրջի վիճակը. «Գիտեմ, որ այն հատուկ ուշադրության կարիք ունի: Քանի խնդիրները չեն խորացել, անհրաժեշտ է հակաքայլեր ձեռնարկել՝ ուժեղացնել, վերականգնել այն»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս