«Հուզված եմ և մեծ հույսեր եմ կապում». Ռուբեն Վարդանյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

IDEA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի գործունեության հետ մեծ հույսեր է կապում: Այդ մասին Ռուբեն Վարդանյանը նշել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հուզված եմ և մեծ հույսեր եմ կապում: Սա շատ կարևոր քայլ է մեր հայ ազգի զարգացման ընդհանուր ճանապարհի համար, որն անցնում ենք: Հուսամ, որ մեր հույսերը և մեր սպասելիքները կիրականանան ավելի շատ անգամներ, քան մենք սպասում ենք»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրացել է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնել է Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա երդվել է` ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում հնչել է Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդմնակալությունից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսք հղեց, որից հետո Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Տեսանյութեր

Լրահոս