«ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը, որը դրված է ՀՀ-ԵՄ համաձայնագրում, լավություն չէ Հայաստանին». Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևոր է համարում, որ Հայաստանի և Եվրամիության միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները միության անդամ բոլոր երկրների կողմից վավերացվեն նույն տեքստով:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը, որը դրված է ՀՀ-ԵՄ համաձայնագրում, լավություն չէ Հայաստանին:

«Այն բանաձևը, որը դրված է Եվրամիության հետ համաձայնագրում, մեզ լավություն չէ, դա ընդամենը եվրոպական հանրության կողմից սեփական սկզբունքներին ու հետևողականությանը հետևելու տուրք է առ այն, որ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքներն ու միջնորդական առաքելությունը կոմպրոմիս են, առողջ կոմպրոմիս են միակ լեգիտիմ միջազգային ձևաչափի կողմից: Սա է իրականությունը: Այն, որ դա ամրագրվել է այս փաստաթղթում, նորից կրկնեմ, ռևերանս չէ, հետևողական քաղաքականության արտահայտում է եվրոպացի մեր գործընկերների կողմից»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որքան էլ ժամանակավոր ուժի մեջ մտնի առանց ԵՄ երկրների վավերացման, այնուամենայնիվ, չի ունենա այն փայլը, հմայքը և իրավական պարտադիր ուժը, մինչև չվավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից;

Կարդացեք նաև

«Եվ ցանկալի է, որ դա լինի մինչև գործող Եվրոպական խորհրդարանի լիազորությունների ավարտը, այն է՝ 2019 թվականի մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ: Ունե՞նք այդ հնարավորությունը, այո, բայց դա շատ ամբիցիոզ խնդիր է: Հիշեցնենք, որ Վրաստանի և Ուկրաինայի համաձայնագրերը վավերացվել են 1.5 տարվա ընթացքում:

Շատ կարևոր եմ համարում, որ եվրոպական մեր գործընկերները հասկանան, որ չի կարելի Արևելյան գործընկերությունը տրոհել սիրված երեխաների և վերցնովի քաղաքական զավակների: Չի կարելի այդպես անել: Այո, այս համաձայնագիրն Ասոցացման համաձայնագիր չէ, բայց քաղաքական մասը գրեթե ամբողջությամբ կրկնում է Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց Աշոտյանը:

Նա ասաց, որ այս ճանապարհը Հայաստանը պատրաստ է անցնել, որպեսզի բարելավի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, ոչ թե միայն Բրյուսելից գումարներ ստանա: Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ ԵՄ գործընկերները, տեսնելով Հայաստանի քաղաքական դաշտի լայն կոնսենսուսը և տրամադրվածությունը դեպի այս համաձայնագրի իրագործում, վերցնեն այս էներգիան, որը կա ՀՀ ԱԺ-ում և տանեն ԵՄ այլ երկրների խորհրդարաններ:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև վիզաների ազատականացման հարցին:

«Այս համաձայնագիրը տալիս է նաև քաղաքական էներգետիկա՝ անցնելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հաջորդ մակարդակին: Այո, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեզ համար քաղաքական որոշմամբ ակնկալվող գործընթաց է: Այո, կան, այսպես կոչված, տեխնիկական խնդիրներ, կան պայմանականություններ, որոնց պետք է բավարարի երկիրը:

Բայց բոլորս լավ գիտենք, որ այդ պայմանականությունների ու տեխնիկական խնդիրների կատարման ետևում կա նաև քաղաքական կամք: Բայց այդ կամքը չի կարող լինել միակողմանի, այն է՝ միայն Հայաստանի կողմից: Այս քաղաքական կամքը պետք է դրսևորվի նաև Եվրամիության կողմից: Եվ ես դիմում եմ Եվրամիության անդամ երկրներին՝ այլ երկրների հետ միգրացիոն խնդիրների պատճառով Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը չպետք է տուժի»,-նշեց Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս