«Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ». Արմեն Սարգսյան
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ և հնարավորություններ են բացում: Այս մասին այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
«Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։ Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը:
Հայ ժողովրդի հերոսական անցյալն ու փորձը ցույց են տալիս, որ մեր պատմությունն առավելապես ոգու պատմություն է: Առանց այդ ոգու և հավատի, մենք չէինք կարող խոր հնադարից հասնել այսօր, և այդ ընթացքում համաքայլ ընթանալ առաջավոր մարդկության հետ ու մեր նպաստը բերել համաշխարհային առաջընթացին:
Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում՝ սկսած Հին Հռոմի ու Հունաստանի դասական շրջանից, քրիստոնեության ծագումից մինչև մեր օրերը:
Իրավամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներն ենք հազարամյակների ընթացքում Հայկական բարձրավանդակի վրա ձևավորված ու կայացած հայկական յուրահատուկ ու ինքնատիպ քաղաքակրթության։
Ժամանակային և տարածական այդ վիթխարի տիրույթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցության անգնահատելի ու անանց փորձ ենք ձեռք բերել: Մեր ողջ պատմությամբ մենք ապացուցել ենք, որ արարող, ստեղծագործող, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք:
Ահա թե ինչու, Հայաստանը հետևողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները և քաղաքական խնդիրները խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը, Ցեղասպանությունները և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները կանխարգելելու քաղաքականությունը:
Այն մեծ ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կրել է 100 տարի առաջ` Մեծ Եղեռնի տարիներին, զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Ուստի, այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ է դրա կրկնությունը որևէ տեղ աշխարհում բացառելու նպատակով:
Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր երկրի և ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը և ամուր Արցախն են: Իրոք, արդարացի լուծման հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն և հզոր Հայաստան:
Հանուն այդպիսի Հայաստանի՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ: Կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն: Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է:
Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաև լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք և աշխատենք միասին»,- ասաց Արմեն Սարգսյանը: