Բաժիններ՝

Միլիոնների խախտումներ՝ ԴԱՀԿ-ում. Վերահսկիչ պալատ

Հայաստանի Վերահսկիչ պալատն անցած տարի ստուգումներ է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում` վերջին 2 տարում պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման մասով:

Ըստ ՎՊ հաշվետվության` 2016 թ. և 2017թ. ԴԱՀԿ-ն բազմաթիվ անհարկի ծախսեր է կատարել և միլիոններ է վատնել տարբեր ուղղություններով: ԴԱՀԿ-ի պահպանման ծախսերի մեջ պարգևատրման ծախսերը կազմել են գրեթե նույնքան, որքան եղել են աշխատողների վարձատրության ծախսերը` համապատասխանաբար` 83.4% և 84.3%: 724 մլն դրամ ուղղվել է պայմանագրային հիմունքներով աշխատող ավելի քան 200 անձանց վարձատրությանը, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության որոշմանը:

Թեև ծառայությունն ապահովված է եղել սվիտերներով հաջորդ 2 տարվա համար, սակայն անցած 2 տարում գնել է 6 մլն 125  հազար դրամի 350 հատ սվիտեր: ԴԱՀԿ-ն «Սոֆթ թայմ» ընկերությունից պահանջվածից ավելի է գնել 867 հազար դրամի 60 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր, 190 քարթրիջների լիցքավորման և վերանորոգման համար ավելի է ծախսվել գրեթե 460 հազար դրամ, «Արիկո-Գոռ» ընկերությունից A4 ֆորմատի թղթի մեկ տուփը գնել է 158  դրամով թանկ` ավելի ծախսելով 1 մլն դրամ, իսկ «Սմարթլայն» ընկերությունից թղթի երկրորդ խմբաքանակով մեկ տուփը գնել է 225 դրամով թանկ` ավելի ծախսելով 5 մլն դրամ: Հոգեբանական ծառայությունների մատուցման համար կնքված պայմանագրերով միավորի գին չի սահմանվել և առանց հաշվարկային հիմքի վճարումներ են կատարվել: Վերելակների գնման համար ավելի է ծախսվել 2.2 մլն դրամ:

ԴԱՀԿ-ի վարչական շենքի հարակից տարածքի բարեկարգման և արտաքին ջերմալին ցանցի աշխատանքների կատարման համար «Աբակ» ՍՊԸ-ին հավելյալ վճարել է 2 մլն դրամ, տանիքի վերանորոգման համար «Արթմաշին» ընկերությանը հավելյալ վճարել է մոտ 1.5 մլն դրամ, և այլն:

ՃՈ 47145 վարչական ակտերով վարույթների հարուցումը մերժվել է ծառայության էլեկտրոնային համակարգի կողմից, վարչական ակտերն անհիմն մերժելու արդյունքում հարկադիր կատարողները չեն հարուցել 645 կատարողական վարույթ` գրեթե 5.5 մլն դրամ բռնագանձման գումարով, նաև խախտել են օրենքի պահանջը` պարտապանների ավտոմեքենաների վրա բռնագանձում չեն տարածել: ԴԱՀԿ ծառայողները կատարողական գործողություններ չեն իրականացրել Կապանի հարկային տեսչության պահանջով իրավաբանական անձից բռնագանձման ենթակա 40.8 մլն դրամը գանձելու ուղղությամբ, Կոտայքի հարկային տեսչության պահանջով մոտ 21 մլն դրամ բռնագանձելու ուղղությամբ, Կենտրոնի հարկային տեսչության պահանջով` 10.5  մլն դրամ պետբյուջե մուտք չի արվել:

ՎՊ-ն նաև պարզել է, որ հարկադիր աճուրդի էլեկտրոնային համակարգը կատարյալ չէ, չի ապահովում հրապարակայնությունը, և որոշ լոտեր ուղղակի չեն երևացել լոտերի էլեկտրոնային ցանկում:

ԴԱՀԿ Երևանի բաժնի դրամարկղի մնացորդը` 737 մլրդ 473.7 մլն դրամ, 2016 թ. գանձապետական արտաբյուջետային հաշվին մուտքագրելուց հետո այդ հաշվի մնացորդն ավելացել և կազմել է 1 տրլն 253 մլրդ 537.9 մլն դրամ, իսկ ծառայությունը միջոցներ չի ձեռնարկել` բռնագանձված գումարները հայտնի հասցեատերերին, այդ թվում` պետբյուջե փոխանցելու ուղղությամբ:

Ծառայության տարբեր բաժինների դեպոզիտային հաշիվներին առկա է չպարզված 149.8 մլրդ դրամի մնացորդ գումար, որի պահանջատերերը տարիներ շարունակ անհայտ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս