Բաժիններ՝

«Աստղային պատերազմների» նոր մասի պրեմիերան կկայանա Կաննի կինոփառատոնում. Variety

«Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություն» ֆիլմի պրեմիերան կկայանա Կաննի 71-րդ կինոփառատոնում, որը մայիսի 8-19-ը տեղի կունենա Կանն քաղաքում: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Նրա տվյալներով՝ նոր սփին-օֆֆը փառատոնում կցուցադրվի մայիսի 15-ին: Սպասվում է, որ այն համաշխարհային էկրան կբարձրանա մայիսի 25-ին: Սա «Աստղային պատերազմների» կինոտիեզերքի արդեն երրորդ ֆիլմն է, որը կներկայացվի Կաննում. 2002 թվականին Կաննի 55-րդ կինոփառատոնում տեղի է ունեցել «Աստղային պատերազմներ. էպիզոդ 2- Կլոնների գրոհը» կինոնկարի, իսկ երեք տարի անց թվով 58-րդ փառատոնում՝ «Աստղային պատերազմներ. էպիզոդ 3- Սիթխերի վրիժառությունը» ֆիլմի պրեմիերան:

«Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություն» կինոնկարը «Աստղային պատերազմների» շարքի թվով երկրորդ սփին-օֆֆն է: 2016 թվականին վարձույթ է մտել առաջին նման ճյուղավորումը՝ «Վտարակ-մեկ: Աստղային պատերազմներ: Պատմություն» կինոժապավենը:

Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ»-ի օրիգինալ եռերգությունն ավարտվել է 1983 թվականին: Միայն 1990-կան թվականների վերջին նա որոշեց վերագործարկել ֆրանշիզան՝ երեք ֆիլմ նկարահանելով այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել են առաջին երեք էպիզոդների գործողությանը: 2012 թվականին Լուկասի Lucasfilm ընկերությունը ձեռք է բերվել աշխարհի խոշորագույն կինոստուդիաներից մեկի՝ Disney-ի կողմից:

2015 թվականին էկրան է բարձրացել «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 7-րդ. ուժի զարթոնքը» ֆիլմը, որին հաջողվել է ամբողջ աշխարհում հավաքել ավելի քան 2 մլրդ դոլար: Անցյալ տարի էկրան է բարձրացել «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 8-րդ. վերջին ջեդայները» կինոնկարը, որը հավաքել է 1,3 մլրդ դոլար: Լիարժեք իններորդ էպիզոդի պրեմիերան պլանավորված է 2019 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս