Բաժիններ՝

Facebook-ն ուժեղացրել է պայքարը կեղծ նորությունների դեմ և ստուգում է դրանց արժանահավատությունը

Facebook սոցիալական ցանցը մի ամբողջ շարք միջոցներ է ձեռնարկել կեղծ նորություններին հակազդելու համար, օրական միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ է հեռացնում եւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս տարածում է այդ թվում լուսանկարչական եւ տեսանյութերի արժանահատավության ստուգման մեթոդներ:

Անվտանգության ոլորտում ընկերության ձեռնարկած միջոցների մասին մարտի 29-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտնել են Facebook-ի բարձրաստիճան աշխատակիցները: Նրանց ասածները զետեղվել են ընկերության կայքում։

Ինչպես հայտարարել է Գայ Ռոզենը, որը Facebook-ում իրականացնում է անվտանգության ապահովման ջանքերի համակարգումը, հիմնական ջանքերը նպատակամղված են այն բանին, որ ապահովվի «արտասահմանյան միջամտության» հակազդումը, սոցցանցից վերացվեն կեղծ գրանցումները, թափանցիկ դարձվի գովազդային հայտարարությունների զետեղման գործընթացը սոցցանցում եւ կրճատվեն մոգոնված նորությունների տարածման մասշտաբները:

«Մենք այժմ հասել ենք այն մակարդակին, որ օրական միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ ենք արգելափակում դրանց ստեղծման պահին, նախքան դրանց միջոցով որեւիցե վնաս հասցվելը»,- իր հերթին նշել է Սամիդ Չաքրաբարթին, որն զբաղվում է նոր ծրագրային արտադրանքով:

Նրա գործընկեր Թեսսա Լայոնսը հայտնել է արժանահավատության ստուգման միջոցով կեղծ նորությունների դեմ պայքարի ակտիվացման մասին: Այժմ խոսքը վերաբերում է արդեն ոչ թե առանձին նյութերին, պարզաբանել է նա, այլ «նրանց նկատմամբ միջոցներ կիրառելուն, ովքեր բազմիցս կեղծ նորություններ են տարածում»: Facebook ընկերության շուրջը սկանդալ է բորբոքվել Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի կողմից սոցցանցի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների օգտագործման առնչությամբ:

Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել է, որ Լոնդոնում գտնվող Cambridge Analytica ընկերությանը հաջողվել է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի:

Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է օգտատերերին քաղաքական գովազդի առաքումը՝ ընտրությունների ժամանակ նրանց կամարտահայտման վրա պոտենցիալ կերպով ազդելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս