Վանական համալիրը դարձրել են զվարճանքի, խրախճանքի վայր, իսկ ամրոցի ներսը՝ գոմ
Շիրակի մարզը, մասնավորապես` Գյումրին, աչքի է ընկնում իր յուրահատուկ կոլորիտով, պատմամշակութային ժառանգությամբ, հայտնի մարդկանցով:
Նկատի ունենալով այս հանգամանքը, Շիրակի մարզպետարանը մարզում զբոսաշրջության զարգացման համար նոր ծրագրեր է մշակում:
Մարզպետարանում գտնում են, որ մարզի հնարավորությունները և հեռանկարները զբոսաշրջության զարգացման համար ահռելի են: Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը մշակելիս հաշվի են առնվել Շիրակի մարզի զբոսաշրջության ոլորտի ներկա վիճակը, մարզի 2018-2025 թվականների զարգացման ռազմավարության մեջ սահմանված առաջնահերթությունները, զբոսաշրջության զարգացման տեղական տուրիստական գործակալությունների ու մասնավոր հատվածի կողմից ներկայացված խնդիրները:
Վերջերս մարզպետարանում հայեցակարգը ներկայացվել էր հանրային քննարկման:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում, որին մասնակցեցին տուրիստական գործակալությունների, հյուրատների ու հյուրանոցների, մի շարք այլ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
«Մեզ համար զբոսաշրջությունն առաջնային է համարվում: Հայեցակարգի մշակումը կարևորելով հանդերձ՝ ինձ համար չափազանց կարևոր է նաև այն ձեզ հետ քննարկելն ու վերջնական տեսքի բերելը: Այստեղ գրված ոչինչ վերջնական համարել չի կարելի, մենք պատրաստ ենք լսել ու հայեցակարգում ներառել բոլոր գործնական ու օգտակար առաջարկները»,- հայտարարել է Շիրակի մարզպետը:
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հայեցակարգի մշակումն իրապես անհրաժեշտ քայլ է: Քննարկվեցին հայեցակարգում ներկայացված կետերը` քաղաքային տուրիզմ, գաստրոտուրիզմ, պատմաճարտարապետական, ակտիվ տուրիզմ, ագրոտուրիզմ և այլն: Անդրադարձ եղավ տուրիստական ուղղությունների, ֆինանսական լուծումների, գործողությունների ծրագրի մշակման հետ կապված հարցերի: Մասնակիցները կարևորեցին ինչպես՝ զբոսաշրջության արժեշղթայի ստեղծման հետ կապված խնդիրների կարգավորումը, այնպես էլ՝ զբոսաշրջիկներին սպասարկող կառույցների կարողությունների զարգացումը:
Նշենք, որ հայեցակարգի նպատակն է՝ համակարգված ձևով ներկայացնել մարզում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, մարզի առավելություններն ու ներուժը, բացահայտել և նկարագրել այն զբոսաշրջային ուղղությունները, որոնք կարող են շոգեքարշի դեր կատարել ոլորտի զարգացման համար:
Շիրակի մարզում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ
Չնայած մարզում այս ոլորտը զարգացնելու համապատասխան կառույցների ջանքերին, մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ պատմամշակութային կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ շենք-շինությունների անմխիթար վիճակը, լրջորեն խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը:
Այդ հուշարձաններից մեկը Մարմաշենի վանքն է, որը գտնվում է Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվել է, հետագայում այն վերանորոգել են։
Այսօր Մարմաշենի վանական համալիրն անմխիթար վիճակում է գտնվում:
Մասնավորապես՝ կարմիր տուֆից կառուցված վանքի պատերը դեռևս 2013 թվականին խոնավանում էին, որի պատճառը վանական համալիրի տարածքում կառուցվող հէկ-ն էր:
Վանքին տեր ու տիրական չկա: Ականատեսների պատմելով, այն վերածվել է խոզանոցի, քանի որ տեղի բնակիչները տարատեսակ աղբ են թափում վանքի ներսում, ուր մնաց՝ զբոսաշրջիկը գա և հպարտանա դրանով:
Ահա, թե ինչպես է արձագանքել ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Մարմաշենի վանական համալիրի վիճակի մասին:
«Ընկերներիս հետ այցելեցի Շիրակի մարզի տարածքում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու միջնադարյան գոհարներից մեկը՝ հայրենասեր իշխան Վահրամ Պահլավունու կողմից 988-1029 թվականներին կառուցված Մարմաշենի վանական համալիր: Այն, ինչ տեսա՝ ցավ և ամոթանք պատճառեց ինձ: Սարսափած եմ, թե որքան կարող է հայը ոչ թե չսիրել, այլ ատել իր պատմությունը և կրոնը»:
Զբոսաշրջությանն առաջնային տեղ հատկացնող պատասխանատուներն անտեսում են Մարմաշենի վանքը: Զարմանալի է, որ բազմաթիվ զբոսաշրջիկների Գյումրի բերող տուրիստական գործակալությունները չեն բարձրաձայնում վանական համալիրի անմխիթար վիճակի մասին:
Լենգեսավանից Մարմաշենի վանք տանող 2.4 կիլոմետրանոց ճանապարհն ավերված է: Բայց ամենազավեշտալին դեռ առջևում էր՝ Մարմաշենի շքեղ վանքը շրջապատված է անհրապույր «բեսեդկաներով», որոնք վարձակալությամբ են տրվում: Այսինքն, վանական համալիրի տարածքը հանգստյան գոտու է վերածված: Սեփականատերերն էլ տարբեր են: Բայց խնդիրը նրանում է, որ այդ «բեսեդկաներից» մի քանիսը գտնվում են վանական համալիրի մեջ մտնող եկեղեցիներից 5-10 մետր հեռավորության վրա, որտեղ հանգստացողներից յուրաքանչյուրն իր ճաշակին համապատասխան երաժշտություն է միացնում, պարում, երգում, ուտում, խմում, և այլն:
Ու այդ ամենը՝ եկեղեցիների և նրանց կողքին գտնվող միջնադարյան գերեզմանոցից մի քանի մետր հետավորության վրա: Գերեզմանոցը, որտեղ թաղված են Վահրամ Պահլավունու կինն ու մայրը, խաղահրապարակ է դարձել երեխաների համար. մեր այցի ժամանակ նրանք ֆուտբոլ էին խաղում շիրմաքարերի վրա:
Ոչ պակաս սարսափելի են վանական համալիրից մի փոքր՝ 50-80 մետրի վրա գտնվող «բեսեդկաներից» բուրող տարատեսակ ուտելիքների՝ խորովածի, խաշլամայի հոտերը:
Վանական համալիրի ողջ տարածքը պատկանում է Վահրամաբերդ գյուղին, որի ղեկավարությունն էլ այդ տարածքները 25 տարի ժամկետով վարձակալության է տվել ֆիզիկական անձանց, որոնք էլ վանական համալիրը դարձրել են զվարճանքի, խրախճանքի վայր:
Այսօր արդեն հարցը վերաբերում է Մարմաշենի վանական համալիրի փրկությանը: Վանքի գլխավոր եկեղեցուց 2-3 մետր հեռավորության վրա նորաթուխ հարուստներից մեկը խաչքար է տեղադրել, որը կարող է «շղթայական բնույթ ընդունել» իր բոլոր բացասական հետևանքներով»:
Նշենք որ Գյումրու «Պայտաձև» ամրոցը ևս անմխիթար վիճակում է գտնվում: Ամրոցի ներսում քարեր և աղբի տարբեր տեսակներ են կուտակված: Գյումրու համայնքապետարանը ևս չի հետաքրքրվում այս ամրոցի ճակատագրով:
Բերդի ներսը հողապատ է և փոշոտ, այն հարուստ է թարմ գոմաղբով, ինչը վկայում է այն մասին, որ ամռանն այստեղ կովեր են պահում: Մենք ամրոցի տարածքում անգամ կենդանու ոսկորներ հայտնաբերեցինք: Պայտաձև ամրոցը կառուցվել է 1800-ականներին, ռուսական կայսրության կողմից, որն իրեն կից երկու փոքրիկ բերդաձև կառույցներ ունի:
Բերդի վերևի մասում և ներսում առկա փշալարերն հուշում են, որ ժամանակին այն պաշտպանական նշանակություն է ունեցել: Վերևից դիտելիս՝ բերդի որոշ տեղերում նկատելի են փոքրիկ փոսեր, որոնք բերդի համար որպես օդանցքեր են ծառայել:
Ամրոցի որոշ պատուհաններ փակված են քարերով, մի քանիսը դեռևս լրիվ բաց վիճակում են: Բերդն ունի նաև փակ մուտքեր: Այստեղ առկա է կառուցված թեք թունել, որն ինչ-որ տեղ քարերով է փակված:
Եթե Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում կառուցված Սև բերդը հիմնանորոգվեց, ապա «Պայտաձև» ամրոցը, դրան կից երկու փոքրիկ կառույցներով, կործանման եզրին է գտնվում:
Գյումրիում գտնվող պատմական հուշարձաններից մեկը՝ «Բարութ խանա» անունով, ժամանակին որպես զինապահեստ է ծառայել, սակայն այսօր այս ստորգետնյա հուշարձանը ոչ մի նպատակի չի ծառայում և քանդման եզրին է գտնվում:
Հուշարձանի մուտքը կամարաձև է, որի երկարությունը մոտ 10-15 մետր է: Այժմ դրա մուտքն ամբողջովին ավերված է, պատի և վերևի կամարի քարերը ամբողջովին ներքև են թափված՝ գրեթե փակելով մուտքը: Ներսում առկա են ստորգետնյա երկու խոշոր տարածքներ՝ իրենց օդանցքերով: Դրանց վրա երկաթյա ցանց է դրված, ըստ երևույթին, կանխելու համար, որպեսզի տեղի բնակիչները աղբ չլցնեն օդանցքից ներս:
Դրսի մասը, որը բավական ընդարձակ փոս է իրենից ներկայացնում, գրեթե ամբողջովին կենցաղային աղբով է լցված: Ուստի, որպես հուշարձան՝ «Բարութ խանան» շահագործման ենթակա չէ:
Գյումրիում առկա են նաև ստորգետնյա ուղիներ, որոնք, ըստ մեր մեծերի պատմածների, կապ ունեն Թուրքիայի հետ՝ կառուցված լինելով ցարական ժամանակաշրջանում: Դրանք դարձյալ զինվորական նպատակներով են կառուցվել, որպեսզի հնարավոր լինել աննկատ անցում կատարել Հայաստանից Թուրքիա, և՝ հակառակը: Սակայն այդ ուղիները բացվել են, և այժմ ամբողջովին աղբով են լցված:
Մինչդեռ դրանք մաքրելու և կարգի բերելու դեպքում հիանալի կերպով կարելի է օգտագործել Գյումրիում զբոսաշրջիկների թվաքանակի ավելացման համար:
Փաստորեն, եթե ՀՀ իշխանությունների կամ Մշակույթի նախարարության կողմից հրատապ միջոցառումներ չձեռնարկվեն, չվերացվի այս հուշարձանների շուրջ կուտակված աղբը, ապա անվերադարձ կկորցնենք ոչ միայն «Պայտաձև» ամրոցը, այլև «Կումայրի» արգելոցի մեջ մտնող մի շարք շենք-շինություններ:
Անահիտ Սիմոնյան