Բաժիններ՝

«Էստերսունդ»-«Արսենալ». Կզարմացնե՞ն շվեդները

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը տեղի կունենա Շվեդիայում: Կկարողանա՞ն շվեդներն անակնկալ մատուցել, թե՞ լոնդոնցիները ցույց կտան իրենց մակարդակը: Բոլոր հարցերի պատասխաներն այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 21:55-ին:

«Էստերսունդ»

Այս դիմակայությունից առաջ քննարկվում է մեկ հետաքրքիր փաստ. այն ժամանակ, երբ «Էստերսունդը» ձևավորվել է՝ որպես ակումբ, Արսեն Վենգերը սկսել է աշխատել «Արսենալում»: Ավելին, ֆրանսիացին Լոնդոնում հայտնվել է 2 ամիս շուտ:

Շվեդական ակումբը շատ երիտասարդ է, և սա նրա երկրորդ մասնակցությունն է եվրոգավաթներում: Թիմի համար փելյ օֆֆ դուրս գալն արդեն իսկ մեծ նվաճում է, քանի որ շվեդական ակումբը միշտ չէ, որ հայտնվում է խմբային փուլում:

Գրեմ Պոտերի թիմը խմբային փուլում բավականին ուժեր մրցակիցներ ուներ՝ «Հերտա», «Զարիա» և Բիլբաոյի «Ատլետիկ»:

«Էստերսունդի» խնդիրն այն է, որ Շվեդիայի առաջնությունը դեռ արձակուրդում է: Բացի այդ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը մի շարք կորուստներ է ունեցել: Թիմից հեռացել են նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Բաչիրուն և առանցքային խաղացող Սոմին: Եվս 2 կարևոր խաղացողներ՝ Բարտիլսոնն ու Այեշը, վնասվածքներ ունեն:

«Արսենալ»

Արսեն Վենգերի թիմը հիմա այնքան էլ «հեշտ» իրավիճակում չէ: Պրեմիեր լիգայի առաջին քառյակից լոնդոնցիները հեռու են 7 միավորով: Դրա համար զինագործները ցանկանում են հաղթել Եվրոպա լիգան, որ այդ միջոցով հայտնվեն Չեմպիոնների լիգայում:

Լոնդոնյան ակումբը դեռևս բարդ մրցակիցների չի հանդիպել Եվրոպա լիգայում, և այդ իսկ պատճառով, չի խաղացել իր ուժեղագույն կազմով: Այդ հանդիպմանը ևս Արսեն Վենգերը կարող է դաշտ դուրս բերել հիմնական կազմի ոչ բոլոր ֆուտբոլիստներին: Մյուս կողմից՝ զինագործներն առաջիկայում չունեն կարևոր հանդիպում, քանի որ հանգստյան օրերին Պրեմիեր լիգայի խաղեր չկան, իսկ գավաթից լոնդոնցիները դուրս են մնացել, այնպես որ, հնարավոր է՝ առաջին րոպեներից դաշտում լինի հիմնականին շատ մոտ կազմ:

Վնասվածք ունի միայն Ալեքսանդր Լյակազետը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

«Էստերսունդը» խմբային փուլի տնային խաղերում 2 անգամ հաղթել է, երկու անգամ՝ խաղացել ոչ-ոքի:

«Արսենալը» հյուրընկալվելիս 2 անգամ հաղթել է, մեկ անգամ՝ պարտվել:

Շվեդները Եվրոպա լիգայի տնային վերջին 6 խաղերում չեն պարտվել ավելի, քան մեկ գնդակի տարբերությամբ:

Կանխատեսում

Երկու թիմերի մեջ կա կարգերի մեծ տարբերություն, բացի այդ, լոնդոնցիներն ունեն եվրագավաթներում խաղալու մեծ փորձ: Սա թույլ է տալիս համարել «Արսենալին» ֆավորիտ: Մյուս կողմից՝ հազվադեպ փլեյ օֆֆերում խաղացող շվեդական թիմը կարող է փորձել ատամ ցույց տալ հեղինակավոր մրցակիցներին և դառնալ անակնկալի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս