«Հայաստանին ուղղակի անհնար է դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից, որովհետև այդ գործընթացների մասնակիցը նաև Իրանն է». Վարդան Ոսկանյան

Հայաստանում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին։ Իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի խոսքով՝ իրանական կողմն է ասել, որ իրենք ավելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել, և, որ Հայաստանը չունի գազի ավելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրվող գինն է:

168.am-ը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իրանական կողմը մի բան ասում, հայկական կողմը՝ այլ։

– Պարոն Ոսկանյան, այդ հայտարարարությունները, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են հակասում միմյանց, ո՞րն է խնդիրը։

– Այստեղ հակասություն, ըստ էության, մենք չունենք։ Ակնհայտ է, որ Հայաստանը բանակցում է նաև իրանական գազի շուրջ, և այդ բանակցությունները վերաբերում են մի քանի գործարքների։ Խոսքը թե՛ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց հայ-իրանական գործակցության մասին է, թե՛ սուափային գազի, մասնավորապես՝ թուրքմենական գազի, թե՛ նաև Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ որոշակի ձևաչափ ստեղծելու մասին է, և այս բանակցությունները, ըստ էության, դրական են։ Նաև հասարակական տրամադրություններում ֆոն ապահովելու իմաստով են դրական։

Այլ խնդիր է, թե կոնկրետ բանակցություններում ինչպիսի մանրամասնություններ են քննարկվում։ Կարծում եմ՝ համապատասխան անձինք, որոնք վարում են այդ բանակցությունները, մանրամասներին շատ ավելի լավ տեղյակ կլինեն. խոսքը գործարքի շահավետության մասին է։ Բայց, ամեն դեպքում, չափազանց կարևոր է, որ այս ոլորտում Հայաստանն, ունենալով գործընկերային հարաբերություններ ՌԴ-ի հետ, նաև գործընկերային հարաբերություններ է փորձում հաստատել Իրանի հետ։

Այդ հարաբերությունները պետք չէ հակադրել, դրանք կարող են փոխլրացնել մեկը մյուսին, և այս իմաստով, եթե մենք կարողանանք ձևավորել բոլոր կողմերի համար ձեռնտու ձևաչափեր, ապա ակնհայտ է, որ Հայաստանը շահող դուրս կգա։ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական գործունեությունը միտված է ոչ թե շահերի հակասությունների վրա խաղալուն, այլ այդ շահերը համադրելուն, և սա խելամիտ քաղաքական և տնտեսական ուղեգիծ է։ Անշուշտ, որպես առաջնային նպատակ դիտարկելով ՀՀ շահերը։

– Իսկ Ռուսաստանը թույլ կտա՞, որ Հայաստանն Իրանից գազ ներկրի՝ հաշվի առնելով «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը մեր երկրում։

– Կարծում եմ՝ մենք պետք է հարցի ձևակերպումը փոխենք. Ռուսաստանը թույլ կտա այս անել, այն անել, դա նաև խրտնեցնում է մեր հնարավոր գործընկերներին։ Մեզանում ստեղծվում է նման տեղեկատվական ֆոն, և այդ դեպքում մեր շատ գործընկերների մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ չբանակցել ՌԴ-ի հետ, այլ բանակցել հայկական կողմի հետ։ Հետևաբար՝ մենք պետք է նաև այս տիրույթում ձևակերպումները չափազանց ճշգրիտ և զգուշավոր տանք։ Երբևիցե պետք չէ կիրառել թույլ տալ բառը.  ՀՀ-ն անկախ պետություն է, և որևէ մեկի թույլատվությանը չի սպասում։ Այդ թույլատվության մասին խոսելը շատ դեպքերում ուղղակի խրտնեցնում է մեր հնարավոր գործընկերներին։

Ակնհայտ է, որ Ռուսաստանն ունի շահեր, և այդ շահերը որոշ դեպքերում բավական զգայուն են։ Հաշվի չնստել այդ շահերի հետ՝ կոպտագույն սխալ կլինի, բայց առաջնորդվել միայն այդ շահերով էլ՝ կրկին կոպտագույն սխալ կլինի։ Ամենաընդունելի տարբերակը տարբեր կողմերի շահերի համադրումն է, որն էլ Հայաստանը պետք է իրականացնի, և միայն այդ ուղով ընթանալու պարագայում է, որ մենք կկարողանանք գրանցել լրջագույն հաջողություններ։

– Իրանի դեսպանը խոսել է նաև հաղորդակցության ուղիների մասին։ Նա մասնավորապես խոսել է երկաթգծի և «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության մասին՝ նշելով, որ պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ուղղություններում։ «Դուք առաջ եկեք, մենք էլ քայլ կանենք»,- ասել է դեսպանը։ Դեսպանի այս հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Կարծում եմ՝ կարևոր ուղերձ է, որը մեկ անգամ ևս վերահաստատում է Իրանի դիրքորոշումը՝ Հայաստանը՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևորագույն տրանսպորտային միջանցք դիտարկելու առումով։ Շատ հատկանշական է, որ հենց երեկ էլ Հայաստանի և Բուլղարիայի նախագահների շփումների ընթացքում այդ խնդիրը քննարկվել է։ Խոսքը վերաբերում է մուլտիմոդալ փոխադրումների փորձնական գործարկված համակարգի մասին, որը ենթադրում է բազմակողմ գործակցություն՝ Բալկանյան երկրներ-Բուլղարիա-Հունաստան-Վրաստան-Հայաստան և Իրան, և որը կարող է չափազանց շահավետ և արդյունավետ լինել բոլոր կողմերի համար էլ։

Հետևաբար, մի կողմից իրանական ձգտումը՝ Հայաստանի վրայով իրականացնել որոշակի բեռնափոխադրումներ, մյուս կողմից էլ՝ բալկանյան իմ նշած երկրների ցանկությունը, Հայաստանի կամքը և Վրաստանի պատրաստակամությունը կարող են շատ նպաստավոր միջավայր ստեղծել նման գործակցության ձևավորման համար։ Գործակցություն, որն ունի ոչ միայն տնտեսական ուղղվածություն, ոչ միայն կարող է տնտեսական առումով շահավետ լինել, այլև ակնհայտ է, որ չափազանց շահավետ և օգտակար կարող է լինել աշխարհաքաղաքական իմաստով։

Դա հնարավորություն կընձեռի մեզ՝ հաղթահարել թուրք-ադրբեջանական շրջափակումը՝ առկա հնարավորությունների օգտագործման միջոցով։ Իսկ եթե սրան գումարենք էլ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը և Հայաստան-Իրան երկաթգիծը, որը պետք է մշտապես պահել օրակարգում, փորձել գտնել ֆինանսական աղբյուրներ դրա կառուցման համար, ապա կարծում եմ՝ Հայաստանը կլուծի իր համար կենսական նշանակություն ունեցող շրջափակման խնդիրը՝ ձեռնունայն թողնելով թուրք-ադրբեջանական դաշինքին։

– Մարտ ամսին նախատեսվում է գործարկել Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածը, դա ինչպե՞ս կարող է ազդել Հայաստան-Իրան՝ դեռևս թղթի վրա մնացած երկաթուղու ծրագրի վրա։

– Մենք պետք է հստակեցնենք երկու կարևորագույն ուղղություն.  իրանցիները երկաթգծի այդ փոքրիկ հատվածը, որը, ըստ էության, միացնում է ադրբեջանական Աստարան իրանական Աստարայի հետ, և դրանից հետո Իրանի տարածքում մոտ 140 կիլոմետրանոց ազատ տարածք կա, երկաթուղի չի կառուցվել այդտեղ և կառուցման աշխատանքները չեն էլ սկսվել,  իրականացվում է Իրան-Ռուսաստան ցամաքային կապն ապահովելու նպատակով։ Հայաստանի հետ կապված ծրագրերը վերաբերում են Պարսից ծոցը Սև ծովին կապելու և Իրանի մուտքը դեպի Եվրոպա ապահովելու գործընթացին։

Հետևաբար՝ այս երկու ծրագրերը, ըստ էության, միմյանց հետ մրցակից չեն, բայց կա մի կարևոր հանգամանք։ Անշուշտ, ցանկացած ծրագիր, որտեղից փորձ է կատարվում Հայաստանին դուրս թողնել, չի բխում մեր շահերից, իսկ Ադրբեջանի նախագահը բոլորովին վերջերս հայտարարեց, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ծրագիրը միտված է տարածաշրջանային գործընթացներից Հայաստանին դուրս թողնելուն։ Հայաստանին ուղղակի անհնար է դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից, որովհետև այդ գործընթացների մասնակիցը նաև Իրանն է, որը նման ցանկություն չունի։ Մյուս կողմից էլ՝ եթե մենք իրականացնենք մեր ծրագրերը, ապա այդ ջանքերն ուղղակի անարդյունավետ կլինեն։ Եվ դա պետք է արվի ոչ թե՝ ի հեճուկս Ադրբեջանի, այլ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Տեսանյութեր

Լրահոս