«Ֆիլմերս խաղաղության մասին են, դատապարտում են պատերազմը». Ջիվան Ավետիսյան
Հայ և օտար արվեստասերների համակրանքը շահած, միջազգային կինոփառատոններում մրցանակների արժանացած «Թևանիկ», «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է հանրությանը ներկայացնել մարդկային երազանքների, խաղաղության, ապրեցնող կարոտների մասին պատմող «Դրախտի դարպասը» կինոնկարը: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ռեժիսորի հետ:
– Բազմիցս ասել եք. «Ես ուզում եմ պատմել Արցախի մասին»: Ի՞նչ իրադարձությունների է անդրադառնում ձեր նոր «Դրախտի դարպասը» կինոնկարը:
– Նոր ֆիլմը պատմում է 1990-ականներին Արցախյան պատերազմի մոռացված դրվագի մասին, որը բացահայտվում է 2016 թվականի քառօրյայի ընթացքում: Առկա են հերոսների հիշողությունների տեսարաններ, դեպքեր, որոնք ամիսներ, օրեր, տարիներ առաջ են տեղի ունեցել. ժապավենում երկու իրականություն է. այն, ինչ ներկայում է տեղի ունենում, և այն, ինչ անցյալում է կատարվել և խորը ազդեցություն թողել այսօրվա վրա:
Սցենարի համահեղինակներ Արտավազդ Եղիազարյանը և Մկրտիչ Մալխասյանը մանրակրկիտ աշխատել են նյութի վրա, որպեսզի այն հետաքրքրի ոչ միայն հայ հանդիսատեսներին, այլև ուրիշ ազգերի ներկայացուցիչներին: Ես և իմ թիմը, առավոտից մինչ երեկո քրտնաջան աշխատում ենք՝ աղյուսն աղյուսի վրա դնելով, որ ֆիլմը կյանքի կոչենք:
– Ձեր նախորդ՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը» ֆիլմերում բուն պատերազմական գործողությունները չեն ներկայացվում: Նոր կինոնկարում կռվի տեսարաններ կտեսնե՞նք:
– «Դրախտի դարպասը» պատերազմական գործողությունների մասին չէ, այլ այդ ֆոնին մարդն է իր խնդիրներով, բարդույթներով, անճարակությամբ, սեր փնտրելու ցանկությամբ: Ինձ հետաքրքիր է անհատը՝ կանգնած ընտրության առաջ, սահմանագծին: Հագեցած մարդն ուշագրավ չէ: Մենք, կարծես թե, այնքան ենք հագեցել, որ մոռացել ենք, թե 25 տարի առաջ ինչ է տեղի ունեցել մեզ հետ, երեսուն տարի առաջ որտեղ ենք եղել՝ կախված լինել չլինելու խնդրից:
Ցավոք, կյանքը մեզ այնպես է «կշտացրել», որ մենք շատ նշանակալի բաներ մոռացել ենք: Մեր հիշողությունը նեղացել է. ներանձնական, ներթիմային, թաղային, խմբակային խնդիրների մեջ ենք: Մինչդեռ, մեր առաջ մեծ նպատակներ կան դրված, և մեզնից սպասելիքներ ունեն այն սերունդները, որոնց հարցերին մի օր պատասխան պիտի տանք:
– Նախորդ ֆիլմերը նկարել եք տարբեր համարտադրողների հետ: Այս անգամ համագործակցելո՞ւ եք:
– Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայկական կինոյի ճանապարհը, զարգացումն ու առաջխաղացումը համագործակցությունն է եվրոպական երկրների հետ: Այս նպատակով նետվեցինք Բեռլինի կինոշուկա, հետո՝ Կանն, որտեղ գտանք ֆրանսիական կողմին, որը կարող է ներդրում կատարել: Նախորդ տարվա ընթացքում աշխատել ենք այս նախագծի վրա, փորձել ֆինանսավորում գտնել հնարավոր բոլոր աղբյուրներից: Այսօր յոթ երկիր ցանկանում է աջակցել մեզ, պատրաստ լինելուն պես գնել ֆիլմը:
Տարիներ շարունակ պատմում ենք Արցախի մասին, և ես այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ աշխարհում կա ձևավորված հանդիսատես, որը ծանոթ է Արցախյան խնդրին. թող անհամեստ չհնչի, բայց դա իմ հանդիսատեսն է: «Թևանիկ»-ը ցուցադրվել է ավելի քան 25 երկրների 70 քաղաքներում և հաղթել մի շարք կինոփառատոններում: «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները շարունակվում են մինչ օրս: Շուտով այն ներկայացվելու է նաև ԱՄՆ-ում (Նյու Ջերսի, Բոստոն, Սենթ Լուիս), Լիտվայում (Վիլնյուս) և Հունաստանում (Սալոնիկ, Աթենք): Այժմ էլ ֆիլմը գնելու և ցուցադրելու առաջարկ ունենք աշխարհահռչակ HBO ընկերությունից:
– Սիրում եք աշխատել ոչ միայն հայ, այլև օտարազգի դերասանների հետ: Այս ժապավենում նոր դեմքեր կբացահայտե՞ք:
– Չեմ ցանկանա բացել բոլոր փակագծերը, բայց ասեմ, որ կլինեն և՛ ծանոթ, և՛ անծանոթ դերասաններ: Կան հայ դերակատարներ, որոնց հետ միշտ աշխատում եմ: Եվ ես հավատում եմ՝ եթե մեր դերասանները, լավ ֆիլմերում նկարահանվելով, կարողանան մուտք գործել համաշխարհային կինոշուկա, տասը տարի հետո փայլուն դերասաններ կունենանք, որոնք ճանաչված կլինեն Եվրոպայում:
– Մեր նախորդ զրույցում նշեցիք, որ յուրաքանչյուր արվեստագետ պետք է մասնակցի փառատոնների, կապեր հաստատի օտարազգի գործընկերների հետ աշխարհայացքն ընդլայնելու, հոգեպես հարստանալու, նոր ազդակներ ստանալու համար…
– Սահմանները միշտ պետք է ընդլայնել: Դա միայն դրական է ազդում: Այնպես չէ, որ իմ գեղեցիկ աչքերի կամ գզգզված մազերի համար են աջակիցներս հավաքվել շուրջս: Նրանք իմ կողքին են լավ պատմության, ճիշտ ծրագրած քայլերի, լավ մշակված բիզնես և ֆինանսական պլանի, տեղին ծախսվող գումարների և ընդհանուր նպատակի համար: «Թևանիկ»-ը, «Վերջին բնակիչը» ստեղծված են սրտով, հոգով, բայց նաև պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ֆիլմը, որ մենք ունենանք հարյուր հազար, մեկ միլիոն, տասը միլիոն և ավելի հանդիսատես: Բարդ է հանրությանը ներկայացնել Արցախի խնդիրը. կա չհանգուցալուծված կոնֆլիկտ, ագրեսիա և խանգարող այլ հանգամանքներ հարևանների կողմից:
Երբ որևէ օտար դերասանի եմ հրավիրում ֆիլմում նկարահանվելու, նա ակամայից առկա կոնֆլիկտի մասնակից է դառնում՝ ընտրելով այս կողմը: Անկախ ամեն բանից՝ մենք պատրաստ ենք դիմագրավել բոլոր մարտահրավերներին:
– Ի՞նչ փուլում է գտնվում գեղարվեստական կինոնկարի ստեղծման գործընթացը:
– Դեռ նախապատրաստական շրջանում ենք: Նկարահանման աշխատանքները կսկսվեն ամռանը: Կաշխատենք ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում: Որոշակի ֆինանսական բաց կա, որը կփորձենք լրացնել` առաջիկայում Crowdfunding-ի (հանրային դրամահավաք) արշավ իրականացնելով: Սպասում ենք նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությանը, որը մեծ դերակատարություն կարող է ունենալ ֆիլմի կայացման գործում:
– Ռեժիսոր, պրոդյուսեր Ալֆրեդ Հիչքոքն ասել է, որ ֆիլմեր է նկարահանում այն ամենի մասին, ինչից վախենում է…
– Ստեղծում եմ կինոնկարներ, որոնք խաղաղության մասին են, դատապարտում են պատերազմը: Չեմ վախենում պատերազմից… Կյանքում էլ փորձում եմ չկռվել, բայց եթե ստիպված եղա, միայն հաղթող դուրս կգամ, որովհետև երբեք չեմ հոգնում պայքարելուց:
Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի