Բաժիններ՝

«Միայն թե գյուղացիների հոգսը թեթևանա». Միքայել Մելքումյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են բնական աղետների կամ համաճարակների ժամանակ գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն տրամադրել`կորստի 50 % չափով: «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» օրենքի նախագիծն այսօր ներառվել էր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում։ Սակայն օրինագծի հեղինակներից ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն առաջարկեց այն հետաձգել 2 ամսով՝ կառավարության հետ քննարկելու և համատեղ նախագծով հանդես գալու համար։

«Միայն թե գյուղացիների հոգսը թեթևանա»,- նկատեց նա։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ այդ ամենը ներառելու են գյուղատնտեսության մասին օրենքում, որը ներկայումս մշակում է նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը:

«Կառավարությունը վերցնելու է պարտավորություն, բայց այդ վնասների 50%-ը սուբսիդավորելու միջոցները որտեղի՞ց ենք բերելու»,- հարցադրում արեց նախարարը՝ նշելով, որ հայտարարելը հեշտ է, բայց այդ բեռը մնալու է կառավարության ուսերին:

Ի.Առաքելյանի խոսքով՝ ինքը կողմ կլիներ, որ գյուղատնտեսությունն ամբողջությամբ սուբսիդավորվեր, սակայն ֆինանսական աղբյուրներ չկան:

Մ.Մելքումյանը նկատեց, որ այս տարվա հունվարի 1-ից հարկերի ավելացումից լրացուցիչ գումարներ են մտնելու բյուջե, և առաջարկեց դրանք ուղղել գյուղատնտեսությանը: Ըստ նրա՝ գյուղատնտեսության պետական աջակցությունը պետք է օրենքով կարգավորվի։ ԱԺ փոխնախագահը հուշեց, որ գումարներ կարելի է գտնել սեղմված գազ թանկացումից, գնաճի արդյունքում հավաքագրվող ավել եկամուտներից. «Դրանց մի մասով գյուղատնտեսությանն աջակցեք, որպեսզի ունենանք կայուն տեսանելի աջակցության սխեմաներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս