Անվճար տրամադրվող դեղերը համապատասխանո՞ւմ են հիվանդների թվաքանակին

168.am-ը շարունակում է դեղերի ոլորտում ուսումնասիրություններ իրականացնել: Առաջիկայում պարզելու ենք ոչ միայն Շիրակի մարզում, այլև ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար առկա դեղորայքի քանակի և հիվանդների թվաքանակի համապատասխանությունը: Արդյո՞ք անվճար տրամադրվող դեղերը հիվանդների թվաքանակին համապատասխան է հատկացվում պոլիկլինիկաներին:

Մինչ այդ անդրադառնում ենք երրորդ եռամսյակի ընթացքում Շիրակի մարզին հատկացված մի շարք դեղերի:

Մանկական ինսուլինի վերաբերյալ

168.am-ը հարցում էր ուղարկել Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական» հիվանդանոց՝ պարզելու համար, թե Շիրակի մարզում ինսուլինակախյալ քանի՞ հիվանդ կա գրանցված հիվանդանոցում: Ամսական յուրաքանչյուր հիվանդի քանի՞ սրվակ ինսուլին Իզոֆան և ինսուլին Լիզպրո է տրամադրվում: Մեզ անհրաժեշտ էր տեղեկություն ստանալ միջին ցուցանիշի վերաբերյալ: 2017 թվականի երրորդ եռամսյակի համար քանի՞ սրվակ ինսուլին Իզոֆան և ինսուլին Լիզպրո է տրամադրվել հիվանդանոցին:

Կարդացեք նաև

«Մոր և մանկան Ավստրիական» հիվանդանոցից մեզ տեղեկացրել էին, որ իրենք ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացել են ինսուլին Լիզպրո ներարկման լուծույթ 100 ՄՄ/մլ3մլ Հումալոգ՝ 510 սրվակ և ինսուլին մարդու Իզոֆան NPH Հումուլին 100 ՄՄ/մլ3մլ՝ 470 սրվակ:

Նշենք, որ ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալների, Շիրակի մարզում ինուլին Իզոֆան և ինսուլին Լիզպրո ստանում է թվով 60 հիվանդ, և մանկական ինսուլինի պակաս մարզում չի զգացվում:

Համաձայն Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալների, 2017 թվականի երրորդ եռամսյակի համար ՀՀ ԱՆ-ի կողմից մեր մարզին տրամադրվել է ինսուլին Իզոֆան՝ 105, իլնուլին Լիզպրո՝ 140 սրվակ:

Նշենք, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 42 արձանագրային որոշման N1 հավելվածի 14-րդ կետը՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացրել էր գնման ընթացակարգ, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտարարվել էր հակադիաբետիկ դեղերի ձեռքբերման գնման ընթացակարգ, որին հայտ էր ներկայացրել միայն «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության հայաստանյան գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ հետևյալ գներով` ինսուլին Լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 6500 դրամ (14.21 ԱՄՆ-ի դոլար), և ինսուլին մարդու Իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 2790 դրամ (6.1 ԱՄՆ-ի դոլար):

Ստացված հայտի բացումից և գնահատումից հետո` պայմանագրի նախագծի շուրջ վարվող բանակցությունների ընթացքում «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից ներկայացվել էր նոր գնային առաջարկ և ծրագիր:

Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացվել Հայաստանում շաքարային դիաբետով տառապող երեխաների ու երիտասարդների համար հնգամյա ծրագիր իրականացնելու վերաբերյալ առաջարկ, որտեղ, բացի ապրանքային գնային իջեցված առաջարկներից (քան ներկայացվել է գնման ընթացակարգի ընթացքում հայտեր ներկայացնելու ժամանակ), հաշվի առած հետագա բանակցությունների արդյունքները (ըստ սկզբնական առաջարկի (ինսուլին Լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 9 ԱՄՆ-ի դոլար, և ինսուլին մարդու Իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 5 ԱՄՆ-ի դոլար) (ինսուլին Լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 8.5 ԱՄՆ-ի դոլար, և ինսուլին մարդու Իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 4.7 ԱՄՆ-ի դոլար), նշված էր նաև 5 տարվա ընթացքում իրականացվող ծրագրային ներդրումների վերաբերյալ առաջարկ:

Երիկամային անբավարարության դեղեր

 Շիրակի մարզում առկա է երիկամային անբավարարությամբ տառապող թվով 79 հեմոդիալիզ ստացող հիվանդ: Այս հիվանդներին անհրաժեշտ «Ռեկարմոն» դեղամիջոցի քանակը մարզում երրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 1250 սրվակ, որն հատկացվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:

Ըստ «Գյումրի բժշկական կենտրոնի» հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Անահիտ Հովսեփյանի, չկա հիվանդ, որ դեղը չստանա: Ամենաքիչը շաբաթը մեկ հատ ստանում են:

«Եռամսյակով նախարարությունից դեղը գալիս է, որը բաժանվում է հիվանդների վրա՝ ըստ հիվանդի լաբորատոր ցուցանիշների: Հիվանդ կա, որը հեմոգլոբինի այնպիսի թիվ ունի, որ շաբաթը երկու հատն արդեն շատ է, ուստի մեկ հատ է ստանում: Տուփի մեջ 6 սրվակ է, մեկ սրվակը մեկ անգամվա սրսկվելու է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Հովսեփյանը:

Վերջինիս խոսքով՝ հեմոդիալիզային բուժումն անհամեմատ լավացնում է հիվանդների կյանքի որակը:

«Գոյություն ունի Ստանդարտ հեմոդիալիզային բուժում: Ամսական ամեն հիավնդի 13-14 սեանս՝ կախված ամսվա օրերի թվից: Մեզ դիմում են այն հիվանդները, որոնց երիկամի գործող ֆունկցիան անհամեմատ պակաս է: Բաժանմունքում առկա է 55 հիվանդ: Նախքան հեմոդիալիզի դիմելը հիվանդները վերցվում են հաշվառման, ստացիոնար բուժում ստանում:

Մարդիկ ժամանակ առ ժամանակ պետք է հետազոտվեն առաջնային բուժօգնության օղակում՝ առաջնային բուժում կամ կանխարգելում ստանալու համար: Կանխարգելելը շատ հեշտ է, մինչդեռ հիվանդների մեծ մասը մեզ դիմում է հիվանդության՝ արդեն բարդացված դեպքերում: Այս դեպքում բուժում ստանում են, սակայն դրանով միայն երկարացվում է հիվանդի՝ հեմոդիալիզի հասնելու ընթացքը: Հեմոդիալիզային բուժումն ուղեկցվում է նաև այլ դեղերով: Երիկամների փոխպատվաստվում էլ իրականացվում է միայն Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում: 5 տարի է, ինչ մեր բաժանմունքը գործում է, արդեն 1 հիվանդ ունենք, որին ուղարկել ենք երիկամի փոխպատվաստման»:

Նշենք, որ մեր հաշվարկներով՝ Շիրակի մարզում երիկամային անբավարարությամբ տառապողների համար նախատեսված «Ռեկարմոն» դեղի պակաս 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում չի զգացվել:

Հոգեկան հիվանդության դեղեր

Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոնի» տնօրեն Նադյա Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդին նշանակվող դեղորայքի քանակը և տեսակը պայմանավորած է հիվանդի մոտ առկա ախտանշաններով, նրանց դրսևորման ձևերով, ծանրության աստիճանով և տվյալ պահին բուժհաստատության ունեցած դեղորայքի ընտրության հնարավորությամբ: Հիվանդի՝ ամսական ստացած դեղորայքի անվանումները և քանակը խիստ հարաբերական են՝ կախված հիվանդության ախտորոշումից, ախտանիշերի առկայությունից և դրանց դրսևորման ծանրության աստիճանից:

«Այնպիսի հասկացություն, թե դրանցից ո՞րն է պարտադիր հիվանդների համար, չկա այդպիսի բան: Մի քանի օր հետո կարող է դեղորայքն արդյունք չտա, ուստի այն փոխելու անհրաժեշտություն կլինի: Եթե պարտադիր չլիներ, այսքան դեղորայք չէինք ստանա: Յուրաքանչյուր հիվանդի դեպքում անհատականորեն է որոշվում, թե որ դեղորայքից՝ որքան է հատկացվելու: Օրինակ, կարող է հիվանդ լինել, որին Տրիֆտազինն օրը երեք անգամ նշանակվի: Այսինքն՝ միջին հաշվով չկա այդպիսի հասկացություն:

Դեղերի առումով՝ երկու-երեք տարի է, ինչ վիճակը բավական լավ է: Նախկինում ամիսներով ուշանում էր: Դեղերի մեծ մասն էլ տեղական է, 95 տոկոսով հայկական: Դեղորայքը շրջանակային մրցույթով ենք գնում և չենք կարող թանկը, լավը գնել, գնվում է ամենաէժանը՝ տեղական դեղորայքը: Երբեմն հումանիտար ճանապարհով ձեռք բերվող դեղերը, որոնք արտասահմանից են գալիս, լավ որակի են լինում»,- ասաց Նադյա Վարդանյանը:

2017 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին» տրամադրվել է Հալոպերիդոլ 5 մգ ա48-15936 հաբ, Տիզերցին 25 մգ ա50 (Լևոմեպրազին)-4500 հաբ, Դիազեպամ 5 մգ ա24-6120 հաբ, ինչպես նաև Լորազեպամ, Տրիֆտազին, Կարբամազեպին, Ազալեպտին, Բենզոնալ, Ցիկլոդոլ և այլ դեղեր: «Հոգեկան առողջության կենտրոնում» դեղորայքի պակաս չի զգացվում:

Հիվանդներին անվճար տրամադրվող այլ դեղեր

 168.am-ը ՀՀ Առողջապահություն նախարարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե Շիրակի մարզում որքա՞ն են կազմում տուբերկուլյոզով, չարորակ նորագոյացություններով, սրտամկանի ինֆարկտ, սրտի փականների արատներ, երիկամային անբավարարություն ունեցող, սակավարյունությամբ տառապող, քիմիաթերապիա ընդունող հիվանդները: Նաև խնդրել էինք մեզ տրամադրել տեղեկություն այն մասին, թե թվարկված յուրաքանչյուր խմբի հիվանդների համար Շիրակի մարզում որքա՞ն անվճար դեղորայք է առկա՝ յուրաքանչյուր հիվանդության դիմաց նշելով առկա դեղորայքի քանակը:

ՀՀ ԱՆ-ից մեզ պատասխանել էին, որ տուբերկուլյոզ, սրտի փականների արատներ, քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման, կամ ծրագրային հեմոդիալիզի դեպքում՝ դեղեր), չարորակ նորագոյացություններ և սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին երկու ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բավարարող դեղեր) հիվանդություններն ընդգրկված են «Անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական և բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1717–Ն որոշման այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:

Դրանք են՝ տուբերկուլյոզ, հոգեկան հիվանդությանդ դեղեր, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, սրտամկանի ինֆարկտի, պարբերական հիվանդության, մալարիայի, քրոնիկ երիկամային անբավարարության, անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (Բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր):

Մեզ ուղղված պատասխանում նշված էր, որ քիմիաթերապիայի դեղերը տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից, նաև տուբերկուլյոզի, քրոնիկ երիկամային անբավարարության և չարորակ նորագոյացությունների դեղերը:

Ըստ ՀՀ ԱՆ-ից մեզ տրամադրած տվյալների՝ Շիրակի մարզում 2016 թվականին գրանցված է եղել չարորակ նորագոյացություններով 3687 հիվանդ, 2016 թվականի վերջին տուբերկուլյոզով հիվանդները 368-ն են կազմել, սրտամկանի սուր ինֆարկտ ստացածները՝ 183-ը, սրտի փականների ռևմատիկ հիվանդություններ ունեցողները՝ 245-ը, երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդները 2016 թվականի վերջին եղել են 213-ը, սակավարյունությամբ տաղռպող հիվանդները՝ 923-ը:

Հիվանդությունների վերաբերյալ ՀՀ ԱՆ-ի տրամադրած վիճակագրական տվյալները մտահոգիչ են այն առումով, որ չարորակ նորագոյացություններ ունեցողները բավական մեծ թիվ են կազմում:

Հավելենք, որ մինչ այդ հարցում էինք ուղարկել նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն, սակայն այս կառույցը չէր տիրապետում նշյալ ինֆորմացիային:

Հիվանդները՝ փորձաճագա՞ր

Առաջնային բուժօգնության օղակը որակյալ չէ: Պոլիկլինիկաներում բուժսպասարկումը ձևականորեն է իրականացվում, հիվանդությունների վերացման համար աշխատանքներ գրեթե չեն իրականացվում:

Վերջերս էլ հիվանդները բողոքում էին, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող անձանց համար նախատեսված «Գլիմեպիրիդ» դեղամիջոցի վրա անգամ արտադրության երկիրը նշված չէ: Հիվանդները ինչպե՞ս տեղեկանան, թե Առողջապահության նախարարությունը այն ո՞ր պետությունից է ձեռք բերել, եթե պոլիկլինիկաների բուժաշխատողներն էլ նրանց հարցերին նորմալ չեն պատասխանում, չեն պարզաբանում, թե ո՞րն է դեղամիջոցն արտադրող երկիրը: Ի վերջո, հիվանդները փորձաճագար չեն: Հիվանդները ևս զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ «Դիաբետոնի» վրա նշված է արտադրության երկիրը, իսկ «Գլիմեպիրիդի» պարագայում՝ ոչ:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս