«Մեր տան դեմի ծառից արդեն բան չի մնացել, գիշերը գալիս են, կտրտում-տանում՝ տանը վառարանը վառելու համար». Ահարոն Ադիբեկյան
«Եվրոպայում սպառումը 10 տոկոսով նվազել է, նույնը վերաբերում է Ռուսաստանին, և պարզ է, որ դա Հայաստանում ավելի ցավագին կլինի, որովհետև մեզ մոտ ընտանիքի բյուջեի կեսը գնում է սպառողական ապրանքների վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին պարտքը մոտենում է մոտ 7 միլիարդ դոլարի՝ մոտ 57 տոկոսի. «Դա նշանակում է՝ մեզ պարտքով փող չեն տա, որովհետև մենք պարտքով ապրող երկիր ենք, մենք արտահանում ենք 2 միլիարդ դոլարի ապրանք, ներկրում ենք 4 միլիարդի: Կա տնտեսական աճ, ՀՆԱ-ի աճ, բայց աշխատավարձերը, նպաստները մնում են նույն մակարդակի վրա, որովհետև գների բարձրացումը չի ինդեքսավորվում աշխատավարձերի և նպաստների վրա: Մեր ընտանիքների մոտ 40 տոկոսի բյուջեն աշխատավարձից է ձևավորվում, 26 տոկոսինը՝ թոշակներից և նպաստներից, այսինքն՝ գների բարձրացումը բնակչության 75 տոկոսի վրա բացասական է անդրադառնում: Գործազրկությունը կրճատվել է, բայց ոչ թե աշխատատեղերի ավելացման հաշվին, այլ՝ արտագաղթի: Փաստորեն, այն հույսը, որ Կարեն Կարապետյանը, նոր կառավարությունը կարող են ստեղծել բարենպաստ ներդրումային մթնոլորտ Հայաստանում, և արտաքին գումարները կգան Հայաստան, մնում է մեծ հարցականի տակ, ու պարզ չէ՝ հաջորդ տարի նրան կհաջողվի՞ նոր աշխատատեղերի ստեղծում, թե՞ ոչ»:
Սոցիոլոգը նկատեց, որ գների բարձրացումը բերում է նրան, որ ընտանիքների սոցիալական վիճակն ավելի վատանա. «Մեր տվյալներով՝ բնակարանների 15 տոկոսը չի ջեռուցվում, չնայած ձմեռ է: Նրանք ո՛չ գազի փող ունեն, ո՛չ էլեկտրականության, ո՛չ էլ կարող են փայտ առնել: Մեր տան դեմի ծառից արդեն բան չի մնացել, գիշերը գալիս են, կտրտում-տանում՝ տանը վառարանը վառելու համար: Դա Երևանում է, կզարմանաք, բայց նման բաներ գոյություն ունեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: