Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին «մի բան գիտեր». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱՄՆ-ը սիրում է «դա անել» Ամանորի շեմին: Նոր տարվա մի այդպիսի հիշարժան օր էլ նա կախեց Սադամին: Կկարողանա՞ ԱՄՆ-ը Իրանի «փորոտիքը» խառնել այնպես, որ այնտեղ եւս տեղի ունենա «գունավոր հեղափոխություն», մանավանդ որ Սաուդյան Արաբիայից, Իսրայելից եւ բուն ԱՄՆ-ից «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգներն ու քրմերն արդեն իսկ Իրանում են` իրականացնելու ԱՄՆ-ի օրերս հրապարակված անվտանգության դոկտրինի սակրալ նպատակը` Իրանն Իրաք-Եգիպտոս-Լիբիա սցենարով «զարգացնելը», այն է` ֆունդամենտալ այդ երկիրը ներսից պայթեցնելը:

Մանավանդ որ Իրանը «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի բուն առանցքն է. «կունենաս» Իրանը` կունենաս ողջ Մերձավոր Արեւելքը:

Մենք այսօր կանգ չենք առնի Իրանում տեղի ունեցող այդչափ բարդ գործընթացների վրա, ասելու, որ նույն Ռոհանիին ինչ-որ առումով նաեւ ձեռնտու են այս «ցնցումները». նա կարող է դրանք օգտագործել իր բարեփոխական ծրագրերն առաջ մղելու` երկիրը սոցիալական կոլապս-կոռուպցիայից փրկելու համար, չենք անդրադառնալու էքսցենտրիկ, իր ժամանակին ԱՄՆ-ին մարտահրավեր նետած, Հոմեյնիին երկրորդած («ԱՄՆ-ը սատանայական երկիր է») Ահմադինեժադի «ձերբակալության» չհաստատված լուրին, չենք խոսելու Իսրայելի` մնացյալ երկրների «արաբական գարունների» ժամանակ «տապ արած» կեցվածքի, իսկ Իրանի դեպքում` «ռմբակոծիչ» ակտիվության մասին, ինչպես նաեւ չենք անդրադառնալու Իրանի` վաբանկ գնալու եւ Երուսաղեմը Պաղեստինի հավերժական մայրաքաղաք հռչակելու դեմարշին:

Անդրադառնում ենք Հայաստանի վրա այդ զարգացումների անդրադարձումներին:

ա) Արտքաղաքական մասով. ասել, ինչ է եղել Իրանը ղարաբաղյան պատերազմի, հետպատերազմական շրջանի, ԵԱՀԿ ՄԽ-ի «պտիչկաների», սպասվող խաղաղապահության մասով, նշանակում է` ոչինչ չասել: Ֆիքսենք լոկ. Իրանի մոտեցումները հիմնականում հայանպաստ են եղել. Իրանը կառուցողական, բալանսավորված «ուս» է եղել Հայաստանի, տարածաշրջանի համար այդ առումով:

բ) Եթե, Աստված մի արասցե, Իրանում իրականացվեն իրաքյան, ուկրաինական սցենարներ, ապա Ադրբեջանը նույնպես խիստ կակտիվանա: Ընդ որում, ասում են, արդեն իսկ գունավոր հեղափոխությունների «մետրերը» տեղակայվել եւ աշխատում են հենց Ադրբեջանից: Խնդիրն այս դեպքում ընդհանրապես նուրբ է, որովհետեւ այդ տեխնոլոգները կարող են Իրանը պայթեցնել հենց «ադրբեջանական գործոնով»` Իրանի հյուսիսի ադրբեջանական հատվածը «միացնելով» Ադրբեջանին: Իսկ այդ ժամանակ արդեն զարգացումներն Արցախում անխուսափելի, նաեւ խիստ անկանխատեսելի կլինեն:

գ) Ի դեպ, կարելի է փոքր-ինչ ոտքը կախ գցել նաեւ Լարսի «շուրջ» սպասվելիք ֆորս մաժորի առումով: Կարո՞ղ ենք այդտեղ եւս իրանական «հետք» տեսնել. ԵՄ հանրությունը, փաստորեն, գիտեր Իրանում հնարավոր զարգացումների մասին եւ ֆորս մաժորի սցենար էր մշակել` Հայաստանի շրջափակումն ինչ-որ կերպ ճեղքելու համար` վրացական յուր «սանիկներին» հրահանգելով` կվիրիկաշվիլիատիպ հայտարարություն անել:

դ) Եվ վերջապես` ներքաղաքական առումով. բացի նրանից, որ ոչ ցանկալի զարգացումների դեպքում Հայաստանը կլցվի իրանցի փախստականներով (ոչ միայն հայ), ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ իրանյան «պայթյունը» կունենա ներքաղաքական անմիջական պրոյեկտում հայոց մեջ:

Չմոռանանք` «Սասնա ծռերը» «խիստ ին սիրում» իրանական ուղղությունը: Ապա եւ` երկիրը գտնվում է ոչ միայն ապրիլի, նախագահ-վարչապետ ընտրելու շեմին, այլեւ սահմանադրական կարգը վերջնականապես կյանքի կոչելու տրանսֆորմացիայի լրջագույն փուլում, երբ որոշվելու են ոչ միայն ուժային կարեւորագույն կառույցների` ոստիկանության ու ԱԱԾ-ի հետագա ճակատագրերը, այլեւ ովքեր են լինելու այդ կարեւորագույն կառույցների գլխին եւ` ում ղեկավարությամբ:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին «մի բան գիտեր», որ անվերջ կրկնում էր. «Դեռ չգիտեմ։ Դեռ տեսնենք»:

Ոնց կասես` տեսնենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս