Բաժիններ՝

«ԱՄՆ-ը «նոր տնտեսական հրաշքի» շեմին է». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրում հարկային բարենորոգմանը նվիրված իր ելույթում հայտարարել է որ ԱՄՆ-ը կանգնած է նոր տնտեսական հրաշքի շեմին: Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքը մեջբերել է Սպիտակ տան կայքը։

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչեւ Սուրբ Ծննդյան տոնը (դեկտեմբերի 25-ը) իրեն ուղարկի հարկային բարենորոգման օրինագիծը, ապա ամերիկացիներն արդեն փետրվարին հարկերի իջեցում եւ եկամուտների աճ կտեսնեն: «Այսօր մենք կանգնած ենք նոր տնտեսական հրաշքի շեմին»,- հավաստիացրել է Թրամփը: Նաեւ Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ի տնտեսության աճն այժմ կազմում է երեք տոկոս:

«Եթե փոթորիկներ չլինեին, ապա կարելի կլիներ հասնել չորս տոկոսի»,- նշել է Թրամփը՝ հիշեցնելով այս տարի ԱՄՆ-ում մոլեգնած մի ամբողջ շարք փոթորիկները: Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնն ստանձնելու պահից անցած ժամանակամիջոցում ստեղծվել է 2,2 միլիոն աշխատատեղ, իսկ գործազրկությունը գտնվում է վերջին 17 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա:

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հարկային բարենորոգման օրինագծին: Օրինագծի դրույթներից մեկը նախատեսում է ԱՄՆ-ի կորպորացիաների համար շահութահարկի 35-ից իջեցում մինչեւ 20 տոկոս: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ դա կբարձրացնի ամերիկյան տնտեսության մրցունակությունը, ինչպես նաեւ արտասահմանից կվերադարձնի ամերիկյան կորպորացիաների շահույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս