«Մա՛մ ջան, չմտածես, մեկն էլ քեզ կհասնի». Պատերազմ, որ խլեց տղաների կյանքը
«Ես սովորական մահով մեռնողը չեմ, իմ մահն ամբողջ աշխարհը պետք է իմանա ու սգա…»,- հարազատներն ամեն անգամ անասելի ցավով են հիշում 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի խոսքերը։
Աշոտի մասին պատմելու ու գրելու շատ բան կա. քաջություն, բարություն, մեծ նվիրվածություն, սեր հայրենիքի, հարազատների, ընկերների նկատմամբ… բնավորություն, որ ճանաչում ես հարազատների պատմություններից։
Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993թ. հունիսի 5-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Աշոտն իրենից փոքր եղբայր ունի, ով այսօր ծառայում է։
«Նայում են Աշոտի մոր երեսին, փշաքաղվում ու ասում՝ բառեր չենք գտնում»
Հիշելով որդու մանկության տարիները՝ Աշոտի մայրը՝ տիկին Լիանան, ասում է՝ խելացի, խոհեմ երեխա է եղել. «Մեծի նման էր։ Մեծի պես հարցեր էր տալիս, խոսում»։ Աշոտը մի քանի տարի սովորել է Ախուրյանի դպրոցում, ապա ուսումը շարունակել Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանում։
Աշոտի տատիկը՝ Գյուլվարդ Իսրայելյանը, պատմելով թոռան մասին՝ ասում է. «Աշոտս շատ հանգիստ էր, չափի մեջ։ Չէր ուզում որևէ մեկի խաթրին կպնել, ավելորդ բառեր ասել։ Համեստ էր, խելոք, առանց պատրաստվելու չէր գնում դասի։ Հիշում եմ՝ Աշոտն այդ ժամանակ մեծ էր։ Օլիմպիական խաղերն էին ընթանում։ Հայրն իրեն լավ հեռախոս էր բերել։ Մորը խնդրեց հեռախոսն իր հետ տանել։ Մայրն ասաց՝ չէ՛, ինձ կկանչեն, նկատողություն կանեն։ Ասաց՝ մա՛մ, խնդրում եմ, Նազիկ Ավդալյանը ելույթ է ունենալու, միայն այդ ժամին կլսեմ։ Աշոտը միշտ առաջին նստարանին էր նստում։ Այդ անգամ նստել է վերջին նստարանին։ Երբ Նազիկ Ավդալյանը բարձրացրել է ծանրաձողը, իսկ Կարեն Գիլոյանը բղավել՝ Նազիկ, աշխարհի չեմպիոն, ինքն էլ է բարձր բղավել, խանգարել դասը։ Ծիծաղելով տուն եկավ, այնքան էր ուրախացել։ Հարցնում եմ՝ Ա՛շ ջան, քեզ ի՞նչ է եղել, այսօր ավելի լավ տրամադրություն ունես։ Ասաց՝ տա՛տ, ես դասն եմ խանգարել, բայց ինձ ոչ մի բառ չասացին, նկատողություն չտվեցին։ Այդտեղից գալիս էր իր հայրենասիրությունը, սերն ընտանիքի, հոր, մոր, ազգի, հարազատների նկատմամբ»։
Աշոտի տատիկը հիշեց, որ առաջին դասարանում դպրոցում խխունջ էին նկարել ու հարցրել, թե ինչ կենդանի է պատկերված։ Աշոտը նայել էր ու ասել՝ «խխեունջ»։ Մի քանի անգամ ուղղելուց հետո չէր կարողացել ճիշտն ասել, եկել էր, բոլոր պատերին գրել «խխունջ» բառը, որ հիշեր ու ճիշտ արտասաներ։ «Խելոք էր, դաստիարակված, չափի մեջ, համեստ, հանգիստ, միշտ գովեստի խոսքեր է բերել մորը։ Հարգված էր ընկերների շրջանում, սիրված՝ հարազատների կողմից։ Չկար մեկը, որ անտարբեր անցներ։ Հիմա էլ, երբ նայում են Աշոտի մոր երեսին, փշաքաղվում են ու ասում՝ բառ չենք գտնում ասելու, այդքան լավ երեխային նկարագրելու համար»։
«Մա՛մ ջան, չմտածես, մեկն էլ քեզ կհասնի»
2010թ. Աշոտ Շահբազյանն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 2014թ. ավարտել այն։ «Որոշեց, ու որոշումն անխախտ մնաց։ Ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Շատ նվիրված էր իր աշխատանքին։ Արձակուրդ եկավ, զանգեցին, կանչեցին, ասացի՝ Աշո՛տ ջան, մի քանի օր էլ մնաս տանը, ասաց՝ տա՛տ, իմ կարիքն այնտեղ ունեն, որ զանգել, կանչել են, ես զինվորներ ունեմ»,- պատմեց Աշոտի տատիկը։
Աշոտն առանց վիճակահանության մեկնել էր ծառայության Ջեբրայիլ։ «Աշոտը նախորդ տարի տեսել էր վիճակահանությունը, ասաց՝ տա՛տ, կան տղաներ, ովքեր վիճակահանությամբ Գորիս են ընկնում, Կապան։ Ասաց՝ ես ուզում եմ անպայման Ղարաբաղ գնալ՝ դիրքեր։ Երբեմն ժպտալով ասում էր՝ տա՛տ, հայրենիքդ վերևից պետք է հսկես։ Անտարբեր չէր ո՛չ բնության, ո՛չ հայրենիքի, ո՛չ շրջապատի նկատմամբ»։ Աշոտի մայրն էլ պատմում է, որ միայն որդու զոհվելուց հետո է տեսել, թե ինչ սար են պաշտպանել Աշոտն ու նրա զինակիցները։ «Միշտ ասում էր՝ մա՛մ ջան, վերևում ենք, այնտեղ պիտի դրոշ էլ խփենք։ Նոր-նոր անում էր ամեն բան, չհասցրեց…»։
Արցախյան պատերազմում զոհված Աշոտ Շահբազյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր է եղել, ինչի մասին ընտանիքի անդամները չեն իմացել։ Այս մասին Աշոտի մայրն իմացել է միայն նրա զոհվելուց հետո, երբ հերոսի տուն են այցելել հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանն ու հիվանդանոցի տնօրենը. «Շատ ծանր եմ տարել։ Երբ իմացա, որ Աշոտը դոնոր է եղել…. այդ պահին այնքան կուզենայի՝ ինքը ողջ լիներ, միայն մի հարց տայի՝ ինչի՞, Աշոտ, ինչի՞ համար»,- ասաց տիկին Լիանան՝ նշելով, որ որդին իրեն այդ մասին անգամ բառ չի ասել։ «Երբ առողջական խնդիրներ ունեի, Աշոտը մի անգամ ասաց՝ մամա՛ ջան, քեզ էլ հասնող կլինի, չմտածես։ Ասաց՝ ես մի բան եմ արել, չմտածես, մեկն էլ քեզ կհասնի։ Ես չպատկերացրի, որ ինքը դոնոր է, մտքովս չէր անցել…»:
«Ես Շահբազյան եմ, ինձ գնդակ չի կպնի»
«Երբ դիրքեր էր բարձրանում, ասում էի՝ Աշո՛տ ջան, այդ 15 օրը քեզ հետ հավասար չեմ քնում… ինքը պատասխանատու էր երեխաների համար։ Ասում էր՝ մա՛մ ջան, մենք պատրաստ ենք, դու այդ մասին մի՛ մտածիր։ Վախ չուներ, ասում էր՝ ինձ Շահբազյան են ասում, գիշերը, եթե նույնիսկ ճանճ է շարժվում, մենք գիտենք իր նպատակը, թե ուր պիտի գնա։ Այդքան զգոն են եղել։ Աշոտի զոհվելուց հետո շփվել եմ տղաների հետ։ Յուրահատուկ դասակ է եղել։ Վախենում էի դիվերսիայից, վտանգից, երբեմն ասում էի՝ Աշո՛տ ջան, չեմ պատկերացնում, որ հանկարծ քեզ հետ դեպք պատահի։ Ասում էր՝ մա՛մ, իմ ազգանունը Շահբազյան է, ինձ գնդակ երբեք չի կպչի»,- հիշում է Աշոտի մայրը։
Աշոտը հոգատար է եղել իր զինվորների նկատմամբ։ Տիկին Լիանան հիշում է Աշոտի խոսքերը` նրանք էլ ինձ նման՝ ծնողի երեխաներ են։ «Արման Ավետիսյանն իր զինվորն է եղել։ Աշոտի զոհվելուց հետո ինձ պատմում էր, ասում էր՝ Աշոտը յուրահատուկ մարդ էր, սպան չի կարող այդքան բարի լինել։ Մի անգամ զանգեցի, հարցրի՝ ինչո՞ւ է հևում, ասաց՝ մա՛մ ջան, գործ ենք անում։ Հասկացա, որ պարկեր էին շարում, հարցրի՝ զինվորներին չե՞ս տալիս, ասաց՝ տեղն այնքան անհարմար է, ես երեխաներին ռիսկի չեմ ենթարկի։ Ասաց՝ ես գիտեմ՝ ինչպես պաշտպանվել»,- պատմում է տիկին Լիանան։
Զոհվելուց կարճ ժամանակ առաջ Աշոտն ավագ լեյտենանտի կոչում էր ստացել։ «Զանգեց, շատ ուրախ էր, չասաց, որ կոչում է ստացել։ Ասացի՝ Ա՛շ ջան, երբ ուրախ ես, գիտեմ, որ ձեր զորամասի, դիրքերի վիճակը շատ լավ է։ Հարցրի, ասաց՝ մա՛մ ջան, քո նպատակը կատարվել է։ Հարցրի՝ ինչ նպատակ, ասաց՝ չեմ ուզում ասել, տուր տատիս։ Հեռախոսը տվեցի մորս, նրան ասել էր կոչումի բարձրացման մասին։ Չեք պատկերացնում՝ որքան էի ուրախացել… կարծես գեներալի կոչում ստացած լիներ»,- պատմեց տիկին Լիանան։
Աշոտի զոհվելու հանգամանքների մասին տեղեկություններ տիկին Լիանային պատմել է Աշոտի զինվորը՝ Արման Ավետիսյանը։ Տիկին Լիանայի խոսքով՝ կրակոցի ձայները լսելով՝ Աշոտը զինվորներին չի թողել առաջ գնալ, ինքն է առաջ գնացել՝ տեսնելու՝ ինչ է կատարվում։ Այդ ընթացքում Աշոտը ոտքից վիրավորում է ստացել, և նրան օգնության է շտապել Արման Ավետիսյանը, ով ևս վիրավորում է ստացել։ «Արմանն է գնացել, Աշոտիս բերել, երկուսով մի կերպ արյունն են կտրել, որ արնաքամ չլինի։ Ասաց՝ մինչև ես իրեն կբերեի, խփեցին, ոտքիս թաթը կտրվեց։ Մարտը շարունակվել է, առավոտյան մինչև 8։30 Աշոտն ու Արման Ավետիսյանը միասին են եղել, հետո զինվորի ոտքը վերևի հատվածից կտրվել է։ Խոսակցությունն էլ վկայում է, որ Աշոտի հետ կապն ընդհատվել է մինչև ժամը 9-ը»։
Տիկին Լիանայի խոսքով՝ Աշոտը նահանջելու հրաման է ստացել, բայց պատասխանել է՝ վիրավորներս, զոհերս շատ են, ինքս չեմ կարող իրենց դուրս բերել։
Տիկին Լիանան որդու հետ վերջին անգամ խոսել է 2016թ. մարտի 31-ին։ «Շատ հոգնած էր։ Աղդամից պատվոգրով էր ետ եկել։ Խոսեցինք, ասաց՝ մա՛մ ջան, շատ հոգնած եմ, մի փոքր հանգստանամ, որ առավոտյան դիրքեր պետք է գնանք։ Ասացի՝ հենց բարձրանաք, կզանգեք։ Ու էլ չզանգեց… »։
Աշոտի չզանգելը տարօրինակ էր տիկին Լիանայի համար։ «Պատահական տեսա, որ զոհվել էր արցախցի տանկիստը, ասացի՝ ինչ ափսոս էր. տեղյակ էլ չէի, որ պատերազմ է սկսվել, երեխեքը չկան… Ապրիլի 2-ին, 3-ին երեխան չզանգեց, մտածեցի՝ Աշոտս այն տղան չէ, որ Արցախում այդպիսի վիճակ լինի, չանհանգստանա մեզ համար։ Ես զանգեցի իր ընկերոջը, ասաց՝ հնարավոր չէ՝ դիրքեր գնանք, տեղեկություն բերենք, կապ չկա… այնինչ իրենք ամեն ինչից տեղյակ էին, ինձ հանգստացնում էին, մինչև Կարմիր խաչը դուրս բերեր երեխաներին։ 10-րդ օրը՝ առավոտյան, սենյակում միայնակ էի, ամուսնուս եղբայրն ու մորաքրոջս որդին տուն եկան։ Ասացի՝ մի՞թե զինկոմը խիղճ չունի, ի՞նչ բան է, որ այդպես լռել են, հարցրի՝ երեխից խաբար չունե՞ս։ Մորաքրոջս որդին գլուխը թեքեց, դուրս եկավ… եկել էին՝ ինձ ասելու, որ… Աշոտը չկա։ Չկարողացավ ինձ ասել։ Ամուսնուս եղբորը հարցրի՝ Աշոտիցս խաբար չկա, այսպիսի անխղճություն կլինի՞։ Ասաց՝ Լիանա՛, Աշոտս չկա…
Մինչ դա՝ ապրիլի 5-ին, կրտսեր որդուս՝ Հունանին, հարցրի՝ ախր այսպես չի լինի, ինչպե՞ս կլինի, որ որևէ մեկը դիրքերից լուր չունենա, ասացի՝ զանգի Աշոտի ընկերոջը՝ Ղարաբաղ։ Մայրս ու ինքն առանձնացան, գնացին սենյակ, զանգեցին։ Անբնական ճչոց լսեցի։ Վազեցի ներս, որդուս քթից արյուն էր գալիս։ Հարցրի՝ ի՞նչ եղավ, գրկեց ինձ, ասաց՝ մա՛ ջան, ոչ մեկի չլսես, ես կգնամ Ղարաբաղ, Աշոտիս ողջ կբերեմ։ Ես գիտեի, որ չկար, բայց… չէի ուզում հավատալ, որ չկար»։
Արծիվ, ով ուժ է տալիս
Աշոտի մեջքին մեծ արծիվ է դաջած եղել։ «Ամբողջ մեջքին արծիվ էր դաջած։ Արձակուրդ էր եկել, այդ ժամանակ եմ նկատել։ Դրանից հետո մի անգամ էլ Նոր տարուն արձակուրդ եկավ, բայց ասաց՝ զանգել են, զորամասից կանչել։ Ասացի՝ Նոր տարուն էլ չպիտի՞ մնաս, ասաց՝ չէ՛, մա՛մ ջան, ի՞նչ Նոր տարի, եթե ինձ կանչել են, ուրեմն կարիքս ունեն։ Ասաց՝ մենք կգնանք, այնտեղ կնշենք։ Արել էին, նկարը ցույց էր տվել, որ խիղճս հանգիստ լիներ։ Բայց ինչպե՞ս կարող էիր հանգիստ նստել սեղանի կողքին, երբ երեխադ դիրքերում էր»։
Աշոտի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, մասնակցել է Արցախյան ազատամարտին. 6 հոգանոց խմբից տուն է վերադարձել միայն նա, ու հետագայում զավակներին տվել հորեղբոր որդիների անունները։ Տիկին Լիանան հիշում է՝ Աշոտն առաջին դասարանում սովորելիս է եղել, երբ մի անգամ հեռուստացույցով տվել են այդ տղաների անուններն ու ցույց տվել նրանց շիրմաքարերը։ «Աշոտը խաղում էր, ասաց՝ մա՛մ, հեռուստացույցով իմ անուն-ազգանունը տվեցին։ Որքանով կհասկանար, պատմեցի, որ այդ տղաները զոհվել են Շուշիի ազատագրման ընթացքում։ Ասաց՝ մա՛մ, գնանք, նրանց շիրիմները տեսնենք»։
Աշոտի մայրն այժմ էլ առողջական խնդիրներ ունի։ Նրա խոսքով՝ վերջերս իրեն խախտումով զրկել են կարգից՝ ասելով, թե՝ վիշտդ հարգում ենք, բայց գործը գործ է մնում…