Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է: Այս մասին «Փաստ»-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:
Նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվն Արմավիրում կազմում է շուրջ 7,5 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,1%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 80,1%–ը, կամ 6 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1,8%-ով:
Կանայք գործազուրկների թվի 61%-ն են կազմում, կամ 3,7 հազար մարդ:
Այստեղ գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21,7%-ը երիտասարդ է, 5,1%-ը՝ հաշմանդամություն ունեցող: Ըստ վիճակագրության՝ Արմավիրի մարզի գյուղերի բնակիչների 69,5%-ը գործազուրկ է:
Աշխատանք չունեցողների թվաքանակում մեծ թիվ են կազմում կրթության, առողջապահության, տնտեսագիտության եւ կառավարման, սպասարկման ոլորտների մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների 81%–ը:
Հետբուհական եւ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 6%-ը: Այս մարզում աշխատանք չունեն թերի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողների 11,2%-ը: Արհեստագործական կրթություն ունեցողների 1,7%-ն է գործազուրկ, իսկ տարրական կրթություն ունեցողների՝ 11,1%-ը:
Աշխատանք չունի 16-29 տարեկանների 21,7%–ը: 30-44 տարեկանների 40,9%-ն է գործազուրկ: Աշխատանք չունեցողների 19,5%-ը 45-54 տարեկաններն են կազմում: 55-ից բարձր տարիքի անձանց 17,9%-ն է այստեղ գործազուրկ: Զբաղվածության հարցում մարզում մի շարք հիմնախնդիրներ կան: Դրանցից առաջնայինները երկուսն են՝ համայնքների երիտասարդների թերզբաղվածությունն ու աշխատանքային միգրացիան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: